ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ. ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ
Կրթություն, գիտություն
13:01 11/07/2008

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ. ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը լրագրողներին ներկայացրեց իր` այս տարվա միասնական քննությունների ամփոփիչ գնահատականը:

Արդյունքների հետ միաժամանակ`  նա անդրադարձավ նաև տեստային առաջադրանքներին:

Եսայանը նշեց, որ «ամենագեղեցիկ պատկերը» ստացվել է հայոց լեզու և գրականություն առարկայից` տեստային առաջադրանքի բովանդակությունը գնահատելով գերազանց:

«Այն կազմված էր այսօրվա միջին գիտելիքի մակարդակի աշակերտների համար»,-ասաց փոխնախարարը:

Բ. Եսայանի խոսքով, մաթեմատիկա, օտար լեզու, ռուսերեն առարկաների տեստային առաջադրանքներն ավելի հեշտ են եղել, քան այսօրվա «միջին» աշակերտի միջին գիտելիքը: Այսինքն, այս առարկաների տեստերը (քանի որ առաջին տարին են անցկացվել միասնական-քննական սկզբունքներով), կրկնում են նախորդ տարվա հայոց լեզու և գրականության առարկայի պատկերը: «Քննական հանձնաժողովներին առաջարկել էինք քննական առաջադրանքները մի քիչ ավելի հեշտ կազմել, քան նրանք ցանկանում էին` նկատի ունենալով, որ առաջին տարին է այս առարկաներից միասնական քննություն անցկացվում»,-նշեց փոխնախարարը: Ըստ նրա, հաջորդ տարի դրանք կունենան կատարյալ տեսք, ինչպես այս տարի` հայոց լեզու և գրականություն առարկայից:

Բ. Եսայանը կոչ արեց բոլոր դիմորդներին և նրանց ծնողներին` որևէ մեկին չդիմեն պարզելու, թե ինչպիսին է լինելու մրցութային միավորը, քանի որ դեռ ոչ ոք չի կարող այս հարցին հստակ պատասխանել:

Հայոց լեզու և գրականություն առարկայից այս տարի քննություն է հանձնել 13 հազար 815 շրջանավարտ-դիմորդ, որոնցից 20 միավոր ստացել է 32-ը, իսկ դրական միավորի շեմը չեն հաղթահարել 807-ը: Այս առարկայից միջին միավորը կազմել է 13,02:

Մաթեմատիկա առարկայից միասնական քննություն հանձնել է 10 հազար 112 դիմորդ-շրջանավարտ, որոնցից 20 միավոր ստացել է 58-ը, անբավարար` 333-ը: Միջին միավորը կազմել է 15:

Օտար լեզու առարկայից քննություն հանձնել է 8937 շրջանավարտ-դիմորդ, որոնցից 20 միավոր ստացել է 99-ը, իսկ անբավարար` 269: Միջին միավորը կազմել է կրկին 15:

Ռուսաց լեզու առարկայից քննություն հանձնել է 1529 շրջանավարտ-դիմորդ, որոնցից ամենաբարձր միավոր ստացել է 12-ը, անբավարար` 29-ը: Միջին միավորը կազմել է 16,2:

Նշենք, որ միասնական քննությունները անց են կացվել հունիսի 2-ից հուլիսի 10-ը` ներառյալ երկրորդ փուլը:
Placeholder
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ. ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ