ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՓՈԽԱՐԵՆ ՆԱԽԸՆՏՐԵԼ Է «ՄԵԾ ԵՂԵՌՆ» ՏԵՐՄԻՆԸ
Քաղաքական
16:37 11/07/2008

ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՓՈԽԱՐԵՆ ՆԱԽԸՆՏՐԵԼ Է «ՄԵԾ ԵՂԵՌՆ» ՏԵՐՄԻՆԸ

Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչը Բարակ Օբամայի հարցին ի պատասխան 1915-23թթ. ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածն անվանելիս «ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործել է «Մեծ Եղեռն» տերմինը` հիմնավորելով, որ դա հայերի ընդունած ձևակերպումն է: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակին:

Աղբյուրը նախ մեջ է բերել Բ. Օբամայի հարցի նախաբանը. «Մոտ 2 միլիոն հայեր են տեղահանվել Օսմանյան կայսրությունում 1915 - 23 թվականներին գործադրված Հայոց ցեղասպանության ժամանակ, և տեղահանվածներից մոտ 1.5 միլիոնը սպանվել են: Հրամայական է, որպեսզի մենք ճանաչենք հայ ժողովրդի դեմ իրականացված սարսափելի գործողությունները որպես ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության իրողությունը փաստաթղթերով հաստատված փաստ է, որի մասին վկայող բազմաթիվ պատմական ապացույցներ կան: Ես խորապես անհանգստացած էի, երբ երկու տարի առաջ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը պաշտոնանկ արվեց հայերի զանգվածային կոտորածը նկարագրելու համար «ցեղասպանություն» տերմինը գործածելուց հետո: Ես կոչ արեցի պետքարտուղար Ռայսին հանգամանորեն ուսումնասիրել Միացյալ Նահանգների գրաված, իմ կարծիքով, անհետևողական դիրքորոշումը»: Այնուհետև ԱՄՆ նախագահի թեկնածու սենատորը անցել է իր հարցերին:

Առաջին հարցին` «ինչպես եք դուք բնութագրում Հայոց ցեղասպանության հետ կապված իրադարձությունները», Մարի Յովանովիչը պատասխանել է. «Միացյալ Նահանգների կառավարությունը ճանաչում և սգում է Օսմանյան կայսրության վերջին շրջանում ավելի քան մեկևկես միլիոն հայերին պատուհասած զանգվածային սպանությունները, էթնիկ զտումը և բռնի տեղահանությունը: Միացյալ Նահանգները այդ իրադարձությունները ճանաչում է որպես 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը` Մեծ Եղեռն, ինչպես այն որակում են շատ հայեր: Այդ իսկ պատճառով, ամեն տարի ապրիլին` Հիշատակի օրը, նախագահը հարգում է զոհերի հիշատակը և հայ ժողովրդի հետ ամերիկացիների համերաշխությունն է արտահայտում: Որպես փախստականների զավակ` այլ ժամանակ և այլ վայրից, ես կիսում եմ հայ ժողովրդի վերապրած տառապանքները` և այն ժամանակ, և այսօր, երբ նրանք հիշում են իրենց պատմության այդ մռայլ էջը: Ես նաև սգում եմ այդքան կյանքերի կորուստը և հարգանքով եմ վերաբերվում ամերիկահայ համայնքի և հայ ժողովրդի ցանկությանը, որ իրենց ցավը և կորուստը ճանաչվի»:

Երկրորդ հարցով Բ. Օբաման փորձել է պարզել, թե «հաստատվելու դեպքում, ինչ գործողություններ է ձեռնարկելու` հիշատակելու Հայոց ցեղասպանության զոհերին»: Սրան ի պատասխան Մ. Յովանովիչն ասել է. «Հաստատվելու դեպքում, ես կշարունակեմ Երևանում ամեն տարի ապրիլին անցկացվող հիշատակի պաշտոնական արարողություններին մասնակցելու ավանդույթը: Ես կբնութագրեմ այդ պատմական մեծ աղետը որպես Մեծ Եղեռն` տերմին, որը հաճախ օգտագործվում է Հայաստանում պատմության այդ մռայլ էջի հետ կապված: Հաստատվելու դեպքում, ես նաև առաջնայնություն կտայի Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների և կառավարությունների միջև փոխըմբռնմանը և հաշտեցմանը նպաստելուն: Կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգները անի ամենը, ինչ կարող է, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը խրախուսելու համար, և խրախուսելու հատկապես Թուրքիային` բաց կերպով ուսումնասիրելու այդ ժամանակվա սարսափելի իրադարձությունները: Դա ողբերգություն էր, որը մենք և աշխարհը երբեք չպետք է մոռանանք, որպեսզի այն երբեք այլևս չկրկնվի»:

Հաջորդ` երրորդ հարցին ի պատասխան, թե «ինչ քայլեր է ձեռնարկում Պետքարտուղարությունը` Թուրքիայում Հայոց ցեղասպանության ավելի լայն ուսումնասիրությանը և ճանաչմանը նպաստելու համար», դեսպանի թեկնածուն պատասխանել է, որ Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանությունը Թուրքիայի կառավարության հետ աշխատում է այն ուղիների շուրջ, որոնցով կարող են ուսումնասիրվել 1915-ի դեպքերը, և ամերիկյան վարչակազմը նախաձեռնում է ծրագրեր, որոնց նպատակն է նպաստել Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսության հաստատմանը:

Բ. Օբամայի վերջին հարցը վերաբերել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածին, մասնավորապես, թե որքանով է Պետքարտուղարությունը բավարարված այդ հոդվածում վերջերս կատարված փոփոխություններով: Յովանովիչը պատասխանել է, որ թեև ԱՄՆ-ի վարչակազմը կգերադասեր, որպեսզի ազատ խոսքը սահմանափակող 301 հոդվածը առհասարակ հանվեր Քրեական օրենսգրքից, այնուհանդերձ, կատարված փոփոխություններով հնարավոր առավելագույն պատիժ է սահմանված 2 տարվա ազատազրկումը` նախկին 3-ի փոխարեն, և, «որ առավել կարևոր է, պահանջում է, որպեսզի արդարադատության նախարարը որոշի` ընդունել արդյոք գործը դատաքննության»: «Վարչակազմը քաջալերել է Թուրքիայի իշխանություններին` շարունակել այդ առաջընթացը և վերջ տալ քաղաքացիների նկատմամբ իրենց հայացքներն արտահայտելու համար իրավական հետապնդումներին», - գրել է Մարի Յովանովիչը:

Աղբյուրը նաև հիշեցրել է, որ 2006թ. դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելուց ի վեր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի լիազորությունները կատարում են ժամանակավոր հավատարմատարները: Ամերիկահայ շրջանակների և ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների համոզմամբ` Էվանսը պաշտոնանկ է արվել Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բուշի վարչակազմի առաջադրած նախորդ թեկնածուի` Ռիչարդ Հոգլանդի հաստատումը Սենատում երկու անգամ արգելափակել էր դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, քանի որ Հոգլանդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մերժողական դիրքորոշում էր որդեգրել: Ի վերջո, վարչակազմը հետ կանչեց Հոգլանդի թեկնածությունը:
Placeholder
ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՓՈԽԱՐԵՆ ՆԱԽԸՆՏՐԵԼ Է «ՄԵԾ ԵՂԵՌՆ» ՏԵՐՄԻՆԸ