«ՈՍԿԵ ԾԻՐԱՆՅԱՆ» «ՈՍԿԵ» ԵՎ «ԱՐԾԱԹԵ» ԾԻՐԱՆՆԵՐԸ
Մշակույթ
10:33 21/07/2008

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆՅԱՆ» «ՈՍԿԵ» ԵՎ «ԱՐԾԱԹԵ» ԾԻՐԱՆՆԵՐԸ

Ավարտվեց «Ոսկե ծիրանյան» մեկ շաբաթը` շաբաթ հագեցած համաշխարհային նշանակության ֆիլմերով ու կինոաշխարհի հայտնի դեմքերի ներկայությամբ: Արդեն հայտնի են փառատոնի հաղթողները, չնայած ժյուրիի անդամների խոսքով, իրենք կանգնած են եղել բավականին բարդ ընտրության առաջ, քանի որ ֆիլմերից շատերն արդեն մասնակցած են եղել միջազգային տարբեր կինոփառատոների: «Ֆիլմերի ընտրության գործը շատ բարդ էր: Ֆիլմերն այլ փառատոների էլ են մասնակցել և կային նաև հաղթանակած ֆիլմեր, ինչն էլ խիստ դժվարացնում էր մեր աշխատանքը: Մենք հաշվի ենք առել ֆիլմերի որակը` անկախ ծագումից, քաղաքական և սոցիալական նկատառումներից»,-նախօրեին տեղի ունեցած ասուլիսում ասաց խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ իրանցի ռեժիսոր Դարյուշ Մեհրջուին:

Երեք մրցութային ծրագրում` խաղարկային ֆիլմ, վավերագրական ֆիլմ, «Հայկական համայնապատկեր» ներկայացված էր 53 ֆիլմ: Մրցանակներ շնորհվեցին նաև կինոքննադատների և կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի` «Ֆիպրեսի» և եկեղեցիների համագործակցության էկումենիկ ժյուրիների կողմից:

«Լիամետրաժ խաղարկային ֆիլմ» մրցութային ծրագրում ներկայացված 11 ֆիլմից գլխավոր մրցանակի` «Ոսկե ծիրանի» արժանացավ ռուս ռեժիսոր Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմը, իսկ «Արծաթե ծիրանի»` երկու ֆիլմ` թայլանդցի Ադիտյա Ասարաթի «Հրաշալի քաղաք» և իսրայելցի Էրան Ռիկլիսի «Կիտրոնի ծառը»: Ժյուրիի դիպլոմ ստացավ իրանցի ռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարիի «Աշխարհի եզրը» կինոնկարը:

«Վավերագրական ֆիլմ» մրցույթում «Ոսկե ծիրանը» ստացավ հոլանդացի Մայրա Աշերի «Կանայք շատ բան են տեսնում» ֆիլմը, «Արծաթե ծիրանի»` հնդիկ ռեժիսոր Նիշտա Ջաինին «Լաքշմին և ես» ֆիլմը:

«Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված 27 ֆիլմից «Ոսկե ծիրան» մրցանակը ստացավ ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Նազարյանի «Կապույտ ժամը» կինոնկարը, «Արծաթե ծիրանի»` ռուս ռեժիսոր Դիանա Մկրտչյանի «Գաթա» կինոժապավենը, իսկ ժյուրիի դիպլոմի` հայ ռեժիսոր Մարիամ Օհանյանի «Ջրառատ.Մանրապատումներ» ֆիլմը:

«Ֆիպրեսի» ժյուրիի մրցանակը ստացավ թուրք ռեժիսոր Հուսեյն Կարաբեյի «Իմ Մարլոնն ու Բրանդոն» ֆիլմը: «Մենք ընտրում ենք երիտասարդ, նորեկ ռեժիսորների, փորձում ենք գտնել նորարարական, անսովոր մոտեցումներ կիրառող ռեժիսորների: Այս ֆիլմում խաղարկային և վավերագրական տարրերը համադրված են իրար հետ, կիրառվել են վիդեոյի և սյուռեալիստական էլեմենտներ, ինչը ֆիլմին տվել է յուրահատկություն»,-ասուլիսում ասաց Ֆիպրեսի ժյուրիի անդամներից մեկը:

Էկումենիկ ժյուրիի մրցանակը ստացավ Էրիկ Նազարյանի «Կապույտ ժամը» ֆիլմը, իսկ դիպլոմը` կրկին «Իմ Մարլոնն ու Բրանդոն» ֆիլմը:

«Արվեստում և կյանքում խիզախության համար» մրցանակը շնորհվեց ֆրանսիացի ռեժիսոր Կատրին Բրեյային, համաշխարհային կինոյում մեծագույն վաստակի համար «Փարաջանովյան թելեր» մրցանակները ստացան գերմանացի ռեժիսոր, եվրոպական կինոակադեմիայի նախագահ Վին Վենդերսը և իրանցի ռեժիսոր Դարյուշ Մեհրջուին:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնը տեղի է ունեցել հուլիսի 13-20-ը: Այս տարվա ծրագիրը բավականին հագեցած էր: Բացի մրցութային ծրագրերից, փառատոնի ընթացքում մի շարք այլ միջոցառումներ են տեղի ունեցել: Հայ հանդիսատեսին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ արաբական, եգիպտական ֆիլմերին: «Եվրոպական համայնապատկեր» ծրագրի շրջանակում հուլիսի 14-ին անցկացվել է ֆրանսիական, իսկ հուլիսի 16-ին` հոլանդական կինոյի օրեր:

«Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրի շրջանակում ցուցադրվել են հայտնի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով նկարահանված ֆիլմեր:

Հուլիսի 18-ին Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել էր «Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» խորագրով կոնֆերանս, որին մասնակցել են ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ, պրոդյուսերներ, կինոգետներ ու կինոյի աշխարհի այլ ներկայացուցիչներ:

Նշենք, որ «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար Երևան էին ժամանել Եվրոպական կինոակադեմիայի նախագահ Վիմ Վենդերսը և հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելլինգը, Կաննի փառատոնի դափնեկիր Ատոմ Էգոյանը և այլք:

«Ոսկե ծիրան» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը:
Placeholder
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆՅԱՆ» «ՈՍԿԵ» ԵՎ «ԱՐԾԱԹԵ» ԾԻՐԱՆՆԵՐԸ