ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
Կրթություն, գիտություն
16:31 25/07/2008

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովի բացման արարողությունը, որից հետո մասնակիցներն մեկնեցին Ծաղկաձոր` շարունակելու իրենց աշխատանքները:

Խորհրդաժողովին մասնակցում են 31 երկրների 147 ներկայացուցիչ, այդ թվում՝ արտերկրում հայեցի կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների և հաստատությունների ղեկավարներ, հայկական կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ:

Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի խոսքով, այս համաժողովին մասնակցում են հայկական գրեթե բոլոր համայնքներից, Հայաստանից, ԼՂՀ-ից, Ջավախքից:

«Մեզ բոլորիս այստեղ միավորել է մեկ գաղափար և խնդիր` Հայաստանում և Սփյուռքում հայեցի դաստիարակության և կրթության հիմնական խնդիրները: Հայկական դաստիարակությունն ու կրթությունը վտանգված է հատկապես հայկական գաղթօջախներում, որտեղ հայկական ինքնության պահպանման համար համայնքի ներկայացուցիչները մեծ ներդրումներ են կատարում, սակայն այստեղ հարկավոր է նաև Հայաստանի կառավարության առարկայական աջակցությունը: Այսօր հավաքվել ենք քննարկելու հայական կրթական հաստատությունների, Հայաստանի և Սփյուռքի հետ այս բնագավառում համագործակցության և նրա արդյունավետությանը վերաբերող հարցերը»,- ներկայացրեց նա:

Նախարարը նշեց, որ հարկավոր է, օրինակ, օտարախոս հայերի համար հայերենի` որպես երկրորդ լեզվի, ծրագիր մշակել, համակարգել ուսումնական հաստատությունների գործունեությունը, անցկացնել օլիմպիադաներ և հայագիտական համահայկական խորհրդաժողովներ:

Հայաստանի նախագահի ուղերձը խորհրդաժողովի բացմանը կարդաց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Մանուկ Թոփուզյանը: Ուղերձում մասնավորապես նշված էր. «Ի սրտե ողջունում եմ համահայկական կրթական երրորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին, որ Հայաստանում է մեկտեղել հայեցի կրթություն ու դաստիարակություն հարցերով նվիրյալներին, Սփյուռքում հայապահպանության առաջամարտիկներին: Այսօր ես երախտագիտության խոսք եմ հղում ձեզանից յուրաքանչյուրին: Դուք իրականացնում եք հայերին հայ պահելու, օտար ափերում մեծացող հայորդիներին հայ լեզվով ու ոգով հայ դաստիարակելու, հայրենասեր սերունդ կրթելու ձեր առաքելությունը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ևս լուրջ անելիքներ ունի»:



Խորհրդաժողովի բացման արարողությանը Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի կողմից ներկայացվեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ու հայրական սերն ենք բերում կրթական ասպարեզի նվիրյալ և բարեջան մշակներին, որ խորհրդաժողովի են համախմբվել մայր հայրենիքում: Բարձր է գնահատվում հայրենի պետության կողմից ներդրվող ջանքերը ի խնդիր հայրենիքում և Սփյուռքում կրթության առավել բարելավման, կրթական հաստատությունների արդյունավետ գործունեությանը: Ամեն տարի հայրենի իշխանությունների նախաձեռնությամբ կազմակերպվում են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնք մեծապես նպաստում են հայրենի երկրից հեռու զավակներին հայաշունչ ոգով կրթելու շնորհակալ առաքելությանը»:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, հայկական ինքնության գաղափարն է, որ հավաքել է այսօր համաժողովի մասնակիցներին. «Եթե մեզ ժամանակին թվում էր, թե աշխարհում սփռված հայկական Սփյուռքը մեզանից հեռու է և անհասանելի, ապա այսօր Սփյուռքը ներխուժել է մեր առօրյա և մեր կյանքի անբաժանելի մասն է: Չենք կարող հաշվի չնստել այն իրողության հետ, որ մենք փոխկապակցված ենք և ապրում ենք միասնական հայկական աշխարհում»:

Վարչապետը նշեց, որ հայկական աշխարհի գաղափարախոսությունը դարձել է կառավարության գործունեության հիմնարար խնդիրներից մեկը: Նրա խոսքով, կառավարությունը իր գործունեույթան ընթացքում պետք է ապավինի համահայկական ներուժին:

«Հայաստանն առանց Սփյուռքի` որակապես այլ աշխարհ է. Հայաստանը Սփյուռքով` հայկական աշխարհ է, որի ներուժը ոչ թե կրկնապատկվում է, այլ հարյուրապատկվում: Այս իրողությունը ստիպում է մեզ կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնք ունեն համահայկական բնույթ: Եթե այսօր ունենք այս խորհրդաժողովին 150 մասնակից, ապա մեր խնդիրն է մյուս տարիներին տասնապատիկ ավելացնել մասնակիցների թիվը»,- հավելեց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը մտադիր է էապես ավելացնել նմանատիպ միջոցառումների ֆինանսավորումը:

«Համահայկական կրթական խորհրդաժողովների անցկացման ֆինանսավորումը 2009-ին և ապագա տարիներին արդեն իսկ ծրագրավորված է կտրուկ ավելացնել: Դա նշանակում է, որ կավելանան նաև մասնակիցները, իսկ բովանդակությունը կլինի ավելի բազմատեսակ»,- վստահեցրեց վարչապետը:

Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանի խոսքով` կրթությունը հայ հասարակության հզորությունն է, իսկ տգիտությունը աշխարհում բերում է անհանդուրժողականության: «Մենք պետք է հայ ուսուցիչներին լավ պահենք պահպանենք ու նաև սոցիալապես աջակցենք»,- հավելեց նա:

Նշենք, որ Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովը կտևի միչև հուլիսի 28-ը: Այն կազմակերպվում է երկամյա պարբերականությամբ: Առաջին խորհրդաժողովը կայացել է 2004 թվականին, որին մասնակցել է 25 երկրների 125 ներկայացուցիչ: Երկրորդին մասնակցել են 21 երկրների 122 ներկայացուցիչ:
Placeholder
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ