ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԼԻՆԵԼԸ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴԵԼՈՒ
Առողջություն
16:29 01/08/2008

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԼԻՆԵԼԸ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴԵԼՈՒ

Հուլիսի 1-ից մինչև երեկ Երևանի ծննդատներում անվճար հիմունքներով ընդունվել է 1604 երեխայի ծնունդ,  որից 1154-ը Երևանի բնակիչ են, իսկ 422-ը` մարզերի: Այս տվյալներ այսօր մամուլի ասուլիսում ներկայացրեց Առողջապահության նախարարության մոր և մանկան պահպանության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից կառավարության որոշմամբ ծննդօգնությունն անվճար է: Այդ նպատակի համար կառավարությունը 2008-ի երկրորդ կիսամյակում առողջապահությանը  բյուջեից  լրացուցիչ 1 մլրդ դրամ է հատկացրել, 300 մլն դրամի ձեռք են բերվել բուժսարքավորումներ, որոնք հիմնականում կբաշխվեն մարզային ծննդատներին:

Կ. Սարիբեկյանի խոսքով, 1604-ի միայն 20,6 տոկոսը` 330 հոգի է ծննդաբերել կեսարյան հատման ճանապարհով, որն ի տարբերություն նախորդ տարվա նույն ամսվա նվազել է: Նախորդ տարի նույն ամսում գրանցվել է 21 տոկոս կեսարյան հատում : Ի դեպ, նախորդ տարի նույն ամսին ծնվել է 1509 երեխա:

Ասուլիսին ներկա Պետական առողջապահության գործակալության տնօրեն Արա Տեր-Գրիգորյանը նշեց, որ այս մեթոդն առաջին անգամ են կիրառում ու մանրամասն հետևում են` ինչ արդյունքներ կստանան: Նա մեկ ամսվա աշխատանքը բարձր գնահատեց: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ըստ Ա. Տեր-Գրիգորյանի, նույնպես գոհ է մեկ ամսվա արդյունքներից, որի մասին նա հայտնել է նախօրեին իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Անվճար ծննդօգնության պարագայում բժիշկների աշխատավարձը բոնուսային սկզբունքով է` որքան ծննունդ ընդունեն, այնքան էլ կվարձատրվեն: Բայց և այնպես, գործակալության տնօրենը նշեց, որ բժիշկների, ինչպես նաև մանկաբարձների, քույրերի աշխատավարձը նախորդ տարիների համեմատ բավականին բարձրացել է: «Բժիշկներ կան, որ ստանում են 400-500 հազար դրամ»,-ընդգծեց բանախոսը:

Նախարարության ներկայացուցիչները կոչ արեցին, որպեսզի յուրաքանչյուրը ծննդաբերի իր համայնքի ծննդատանը, քանի որ բոլոր տեղերում վերաբերմունքը նույնն է, խոսքը նաև մարզերի բնակիչներին է  վերաբերում: «Ավելի լավ է Երևանի ծննդատներ գան ծննդաբերության հետ բարդույթներ ունեցող ծննդկանները»,-ասաց Կ. Սարիբեկյանը` վստահեցնելով, որ  ծառայության անվճար լինելը չի ազդելու բուժօգնության որակի վրա:

Նշենք, որ արդեն կոնկրետ սահմանված են նաև անվճար ու վճարովի հիվանդասենյակները: «Վճարովի ու անվճար սենյակնները կապված չեն բժշկական սպասարկման որակի հետ, այլ կոմունալ-կենցաղային պայմաններով են ապահովված, նաև անհատական են»,-բացատրեց Ա. Տեր-Գրիգորյանը: Նա նշեց, որ այն հիվանդը, որը ցանկանում է օգտվել անվճար հիվանդասենյակից, բայց բոլորը զբաղված են, նրան կարող են պառկեցնել վճարովի սենյակ` անվճար հիմունքով:

Ի դեպ, հիվանդասենյակում մեկ նորածնի համար նախատեսված է 3 քմ, իսկ ծնողին` 7 քմ` այսինքն միասին 10 քմ: 40 քմ դեպքում կարող են մեկ սենյակում պառկել 4 ծննդկան` երեխաների հետ, բայց նույնիսկ եթե սենյակն ավելի մեծ լինի, 4-ից ավելի անթույլատրելի է:

Հիշեցնենք, որ ծննդաբերող մայրերը 22 շաբաթական հղիության ունենալու ժամանակ նոր ստանում են հավաստագիր, բայց մինչև այդ պետք է հերթագրվեն` այն ստանալու համար:

2009 թվականի համար Առողջապահության նախարարությանը պետական բյուջեից տրամադրվելու է 6,1 մլրդ դրամ` ծննդօգության անվճար լինելու համար:
Placeholder
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԼԻՆԵԼԸ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴԵԼՈՒ