ՎԱՀԵ ԱՐՍԵՆԸ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Մշակույթ
12:48 08/08/2008

ՎԱՀԵ ԱՐՍԵՆԸ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Արդեն հայտնի է «Երիտասարդ գրողների համագործակցություն» միջազգային մրցանակաբաշխության մասնակիցների ցուցակը: Ցուցակում ընդգրկված է 33 բանաստեղծ 10 երկրից` Հայաստան, Ադրբեջան, Բելոռուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուկրաինա:

Մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Կարո Վարդանյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանից մասնակցելու է երիտասարդ բանաստեղծ Վահե Արսենը: «Կազմակերպիչներից ստանալով հրավեր` մենք դիմեցինք Գրողների միություն: Մենք միությանը ներկայացրեցինք Երևանի պետական համալսարանում սովորող երկու ուսանողուհու ստեղծագործություններ, որոնք բավականին հաջողված էին: Բայց հանձնաժողովն ընտրեց նրան` համարելով արժանավոր»,-ասաց Կ. Վարդանյանը: Նրա խոսքով, մրցանակաբաշխությանը պետք է ներկայացվեն անտիպ ստեղծագործություններ:

Մրցանակաբաշխության հաղթողը հայտնի է դառնալու սեպտեմբերին: Իսկ մրցանակի հանձնման արարաղությունը տեղի է ունենալու Դուշամբեում` ԱՊՀ երկրների ստեղծագործողների և գիտնականների երրորդ ֆորումի շրջանակում` սեպտեմբերի 18-20-ը:

«Երիտասարդ գրողների համագործակցություն» մրցանակաբաշխության հիմնական նպատակն է աջակցել ԱՊՀ ստեղծագործող երիտասարդներին` մինչև 35 տարեկան, ինչպես նաև նպաստել մշակույթի, արվեստի, գիտության, կրթության ոլորտում համագործացության ամրապնդմանը: Մրցանակաբաշխության ժյուրիի կազմում է նաև արվեստի հայտնի գործիչ, Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլ Բյուլօղլին:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է առաջին անգամ և նախատեսված է դարձնել ամենամյա:
Placeholder
ՎԱՀԵ ԱՐՍԵՆԸ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ