ԴԵՌ ԲԱՆԵՐ ԿԱՆ ՊԵՂԵԼՈՒ. ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Մշակույթ
16:57 14/08/2008

ԴԵՌ ԲԱՆԵՐ ԿԱՆ ՊԵՂԵԼՈՒ. ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

«Պեղումներ ենք նախատեսում սկսել բլրի դիմացի բարձունքում, որը դեռ չի ուսումնասիրվել», - լրագրողներին ներկայացրեց Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:

Պարզվեց, որ Էրեբունի ամրոցի տարածքում կատարվող պեղումների աշխատանքներին մասնակցել են ռուս, հայ և ամերիկացի պատմաբաններ, սակայն` յուրաքանչյուրը սեփական միջոցներով: Թանգարանի տնօրենը հայտնեց, որ կա նաև նախնական պայմանավորվածություն Էրմիտաժի տնօրենի հետ, որ Էրմիտաժի միջոցներով և Պատմության թանգարանի աջակցությամբ հրապարակվի Կարմիր Բլուր հնավայրի կատալոգը: Նաև երկու ուրարտագիտական որմնանկարների մասնագետներ կմեկնեն Սանկտ-Պետերբուրգ և կմասնակցեն վերապատրաստման դասընթացներին:

Այս տարի Էրեբունի թանգարանը կնշի իր 40-ամյակը և հոկտեմբեր ամսին կկազմակերպի գիտական նստաշրջան հնագետ Բորիս Պիոտրովսկու ծննդյան 100-ամյակի առթիվ: Նստաշրջանին Հայաստան կժամանեն ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Իտալիայից ժամանած մասնագետներ։ Մինչ տոնական օրերը, թանգարանում կավարտվեն քաղաքային ամրոցի պարսպի աշխատանքները: Վերականգնման աշխատանքներ են սկսվել նաև Խալդ Աստծո տաճարի կավապատ սրահի հատվածում:

Panorama.am-ի այն հարցին, թե ինչ փուլում են Ուրարտագիտական կենտրոնի կազմակերպման աշխատանքները, թանգարանի տնօրենը ասաց, որ արդեն սկսվել են սեպագրերի ուսուցման դասընթացները, մշակման փուլում է մշակույթի նախարարություն ներկացվող առաջարկ-փաթեթը:

Պետությունից 5 հազար դոլար ստացած թանգարանը դրամաշնորհ է շահել մշակույթի նախարարությունից ևս, ու թեև ընդհանուր գումարն էլի քիչ է, սակայն տնօրենի գնահատմամբ` «այսքան չնչին գումարով էլ կարելի է ստանալ լավ արդյունք»:
Placeholder
ԴԵՌ ԲԱՆԵՐ ԿԱՆ ՊԵՂԵԼՈՒ. ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ