«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ». ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Մշակույթ
16:01 15/08/2008

«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ». ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 17-ին մեկնարկող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 3-րդ փառատոնին մասնակցելու են 16 երկրից 947 ներկայացուցիչ: Այս մասին ասուլիսում հայտնեց փառատոնի հիմնադրամի տնօրեն Թամարա Պողոսյանը: Ռուսաստանից մասնակցելու է 239 մարդ, Վրաստանից` 199, Թուրքիայից` 91, ինչպես նաև մասնակիցներ են լինելու Սերբիայից, Բուլղարիայից, Սիրիայից, ԱՄՆ-ից և այլն:

Թ. Պողոսյանը նշեց, որ նախորդ փառատոների համեմատ, որոնց ժամանակ միջոցառումները հիմնականում անցկացվում էին Երևանում և մարզերից էին 30-հոգանոց պատվիրակություններ գալիս, այս տարի փառատոնի հիմնական միջոցառումները տեղափոխվել են մարզեր` բացի հանդիսավոր բացումից ու փակումից, «Նվիրում» խորագիրը կրող միջացառումից, որը տեղի է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում: 1000 մասնակից բաժանվելու են 100–հոգանոց պատվիրակությունների և մեկնելու են մարզեր: Այդ ծրագիրը կոչվում է «Փառատոնի օր մարզերում», կա նաև «Փառատոնի օր Արցախում»:

«Հայաստան եկողները միշտ բողոքում էին, որ ուզում են տեսնել ամբողջ Հայաստանը, այլ ոչ միայն Երևանը»,-ասաց նա: Հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանն էլ նշեց, որ նրանց հետաքրքրում է նաև մարզերի կյանքը, վիճակը:
Փառատոնի ընթացքում անցկացվելու են նաև վարպետության դասեր, սեմինար-խորհրդակցություններ:

Նշենք, որ փառատոնի կեցության և մասնակցության ծախսերը մասնակիցներն իրենք են հոգալու, բացի Լեռնային Ղարաբաղի ու Ջավախքի պատվիրակություններից, որոնց ծախսերը Հայաստանի կառավարությունը վերցնում է իր վրա:

Ասուլիսին ներկա մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը նշեց, որ այս փառատոնի հիմնական նպատակը Սփյուռքի հայ երիտասարդներին հայրենիքի հետ կապելն է: «Այսօր Հայաստանը հանդես է գալիս որպես մագնիսական կենտրոն. պետք է հենարան ու խրախուսանք հանդիսանա նրանց համար, ովքեր այլ երկրներում կառչած են ազգային մշակույթին ու այն ընկալում են որպես հայրենիքի շարունակություն»,-ասաց նա: Իսկ Թ. Պողոսյանն էլ նշեց, որ Սփյուռքն այս ծրագիրը համարում է իրենը:
Արմեն Մանուկյանի խոսքով, փառատոնը երկկողմանի ցանկության արդյունք է` Սփյուռքի կողմից ցանկություն կա գալ հայրենիք, իսկ Հայաստանն էլ ցանկանում է պատշաճ ընդունել:

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունենալու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում օգոստոսի 18-ին ժամը 20:00-ին, որն ուղիղ եթերով ցուցադրվելու է Նոր ալիքով:
Placeholder
«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ». ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ