«ARMTECH CONGRESS’08»-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Տնտեսություն
17:08 19/08/2008

«ARMTECH CONGRESS’08»-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Տեխնոլոգիաների Հայկական Կոնգրեսը (ArmTech) հայտարարում է, որ հոկտեմբերի 4-5-ը Երևանում տեղի կունենա ArmTech Congress’08-ը` բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված երկրորդ համաժողով-ցուցահանդեսը, որի խորագիրն է. «Սովորել անցյալից, բացահայտել ապագան»:

ArmTech Congress’08-ի նպատակն է` միավորել բարձր տեխնոլոգիաների մասնագետներին և, ապահովելով նրանց հանրային ռեսուրսներով, խթանել ոլորտի զարգացումը Հայաստանում: Համաժողովը նախատեսված է Հայաստանի տեխնոլոգիաների աճող ոլորտով հետաքրքրված մասնագետների համար:

Համաժողովի ընթացքում կներկայացվեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումներն ու մարտահրավերները և, դրանց նկարագրի ներքո` Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը և Հայաստանում գործող ընկերությունների գործունեությունը: Այս կերպ հրավիրելով համաշխարհային տեխնոլոգիական հանրության ուշադրությունը Հայաստանի` որպես բարձր տեխնոլոգիաների գերակայությունը որդեգրած զարգացող երկրի վրա, համաժողովը նպատակ ունի լայն հնարավորություններ ընձեռել ոլորտի ներկայացուցիչների համար` խորացնելու եղած կապերը, ընդլայնելու և զարգացնելու համագործակցությունը, ինչպես նաև ձեռք բերելու նոր գործընկերներ և նախանշելու նոր ծրագրեր:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է Արմթեք համաժողովը, համարելով այն տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումների ներկայացման, հետագա քայլերի և նոր նախաձեռնությունների բաց քննարկման, պլանավորման և իրականացման լավագույն ամբիոն, որը նաև աննախադեպ հնարավորություն է գործարար և մասնագիտական տեղեկատվության ստացման, փոխանակման և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ոլորտում կարևոր կապերի հաստատման համար:

ArmTech Congress-ը հիմնադրվել է տեխնոլոգիաների և գործարար ոլորտների պրոֆեսիոնալների կողմից` Հայաստանի տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտական առաջընթացն ապահովելու և տեխնոլոգիական ոլորտի արագ աճը խթանելու համար: Այն տեղակայված է Սիլիկոնային Հովտում: Կազմակերպիչները ողջունում են համագործակցության գաղափարը և չեն հետապնդում քաղաքական նպատակներ:

ArmTech Congress’07-ը` Տեխնոլոգիաների հայկական առաջին համաժողովը, տեղի է ունեցել 2007թ. հուլիսի 4-7ը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում: Միջոցառումը նպաստել է գործող ընկերություների և ձեռներեցների միջև մասնագիտական ցանցի և արդյունավետ կապերի ստեղծմանը: Այն հնարավորություն է ընձեռել ԱՄՆ-ից, Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից մասնակցող բազմաթիվ ընկերությունների, կրթական հաստատությունների և կառավարության մարմինների ներկայացուցիչներին հանդես գալու տեխնոլոգիական ձեռքբերումների ու ոլորտի մարտահրավերների վերաբերյալ ելույթներով և շնորհանդեսներով:

ArmTech Congress’07-ի հաջող ընթացքից հետո կազմակերպիչները որոշում են կայացրել հետագայում տեխնոլոգիական և գործարար միջազգային համաժողովները հրավիրել պարբերաբար` այդ գործընթացը դարձնելով կազմակերպության հիմնական նպատակը:

Placeholder
«ARMTECH CONGRESS’08»-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ