ՎԱՐՉԱՊԵՏ. ՍԱՐՈՅԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ
Քաղաքական
14:34 01/09/2008

ՎԱՐՉԱՊԵՏ. ՍԱՐՈՅԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ

Մեծանուն ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրը` օգոստոսի 31-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու բազմաթիվ հայ մտավորականներ, դպրոցականներ այցելել են Երևանի Կոմիտասի անվան պանթեոն ու ծաղիկներ դրել գրողի «շիրիմին», որտեղ ամփոփված է սիրտը։

Հիշեցնենք, որ այս տարի հոբելյանակական է` նշվում է Սարոյանի 100-ամյա: Տարվա ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Կալիֆորնիայում` Ֆրեզնոյում, տեղի են ունենում գրողին նվիրված միջոցառումներ: Վ. Սարոյանի 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թթ. հոբելյանների պատվավոր ցանկում։

Միջոցառումն անցկացվում էր լարային քառյակի նվագակցությամբ, իսկ Երևանի Սարոյանի անվան դպրոցի աշակերտները ներկայացնում էին գրողի նովելներից մեկի մոտիվներով բեմադրված թատերական ներկայացում։

«Սարոյանն այն հանճարներից է, ում ընդունել է ողջ աշխարհը։ Յուրաքանչյուր մարդ Սարոյանի ստեղծագործություններում գտնում է իր աշխարհը»,-ասել է վարչապետը։ Ըստ նրա, Սարոյանը կարող է հիասքանչ աշխարհ բացել նաև երիտասարդության համար։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նշել է, որ Սարոյանը 20-րդ դարի ամենամեծ հեղինակներից է։ «Սարոյանի ստեղծագործություններում արտացոլվում է ոչ միայն նրա հայկական ծագումը, այլև ամերիկյան կրթությունը», - ասել է Ջ. Փենինգթոնը։
Placeholder
ՎԱՐՉԱՊԵՏ. ՍԱՐՈՅԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ