ԵՐԿՈՒ ՕՐ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ…
Կրթություն, գիտություն
13:52 15/09/2008

ԵՐԿՈՒ ՕՐ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ…

Վաղը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կմեկնարկի եզրափակիչ խորհրդաժողով` «Անցումը կրեդիտային համակարգին ՀՀ բուհերում. ներկա իրավիճակ, զարգացումներ, մարտահրավերներ» թեմայով: Խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև հաջորդ օրը: Այս մասին հայտնեցին ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժնից: Բացման խոսքով հանդես կգա ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ողջույնի խոսքով` ՀՀ Կ և Գ նախարար Սպարտակ Սեյրանյանը: Խորհրդաժողովը կտևի 2 օր: Այդ ընթացքում կներկայացվի կրեդիտային համակարգի վերաբերյալ 13 զեկույց, կկազմակերպվի կլոր սեղան:

Այն կազմակերպվում է «ECTS հենքով կրեդիտային համակարգ Հայաստանի համար» TEMPUS SCM T047B06 նախագծի շրջանակներում: Նախագիծը մեկնարկել է 2007թ. հոկտեմբերին, որի մասնակիցներն էին Կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ), Երևանի պետական համալսարանը, Լունդի համալսարանը (Շվեդիա) և Անտվերպենի համալսարանը (Բելգիա):

Նախագծի ընդհանուր նպատակն էր` մշակել ECTS-ին (Կրեդիտների փոխճանաչման եվրոպական համակարգ) համադրելի կրեդիտային համակարգի միասնական ստանդարտներ Հայաստանի բուհական համակարգի համար: Նախագծի հիմնական ելքային արդյունքներն են. ECTS-ի իրականացման եվրոպական և տեղական առաջավոր փորձի ուսումնասիրություն, օրենսդրական/կանոնակարգային և մեթոդական/կազմակերպական հենքի մշակումն ազգային կրեդիտային համակարգի համար, ECTS-ի տեղեկատվական օրինակելի փաթեթի, դիպլոմի հավելվածի ձևաթերթի ստեղծում և ECTS-ի իրականացման պլանի մշակում, նախագծի արդյունքների տարածում:

Խորհրդաժողովը հետապնդում է նախագծի արդյունքների տարածման և ՀՀ բուհերում կրեդիտային համակարգի ներդրման խնդիրների շուրջ մտքերի ակտիվ փոխանակման նպատակ: Խորհրդաժողովին մասնակցության հրավերներ են հղվել ՀՀ պետական և ոչ պետական մոտ 40 բուհերի:

Օրակարգը` կից:
Placeholder
ԵՐԿՈՒ ՕՐ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ…