«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը` ԳԵՐԻՇԽՈՂ
Տնտեսություն
14:06 17/09/2008

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը` ԳԵՐԻՇԽՈՂ

«ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline) հեռահաղորդակցական ընկերությունն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ճանաչվեց ՀՀ ողջ տարածքում հանրային ամրակցված հեռախոսացանցի մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատոր:

Ներկայացնելով հարցը, հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության ղեկավար Գևորգ Գևորգյանը նշեց, որ կարգավորող մարմինն նման որոշում է ընդունում` առաջնորդվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներով: Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Նա հիշեցրեց, որ այս ոլորտում «ԱրմենՏել»-ին գերիշխող դիրք զբաղեցնղ օպերատոր ճանաչելու վերաբերյալ հանձնաժողովը հայտարարությամբ հանդես է եկել դեռ այս տարվա հուլիսի սկզբին, դիմելով շահագրգիռ կողմերին` մինչև սեպտեմբերի 2-ը ներկայացնել խնդրի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները:

Վարչության ղեկավարը նաև նշեց, թե հանձնաժողովի որոշումը ենթադրում է, որ ընկերությունը պետք է հրապարակի այլ օպերատորների համար ենթակառուցվածքների տրամադրման պայմանները: Նրա խոսքով, էլեկտրոնային շուկայի մանրամասն ուսումնասիրությունից հետո հնարավոր է այլ օպերատորներ ևս ճանաչվեն գերիշխող:

Ընկերությունը համաձայնեց հանձնաժողովի որոշման հետ: Լրագրողների հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը նշեց. «Մենք համաձան ենք հանձնաժողովի որոշման հետ, բայց մի քանի լրացուցիչ պահանջ ունենք, որոնք արդեն ներկայացրել ենք ընկերություններին: Հանրապետության մի քանի շրջաններում միայն մենք չէ, որ ֆիքսված կապի օպերատոր ենք: Հենց այդ պատճառով էլ հարց բարձրացվեց, և մենք հույս ունենք, որ առաջիկայում հանձնաժողովը դա հաշվի կառնի»:

Նրա խոսքով, Երևանում գործում են այլ օպերատորներ ևս, որոնք այդ շուկայում ունեն 30 տոկոս ներկայություն, «դա նշանակում է, որ նրանք ևս պետք է ճանաչվեն գերիշխող դիրք զբաղեցնող: Նա նշեց, որ ենթակառուցվածքների առումով այդ օպերատորներն արդեն գործում են:

«ՎիմպելԿոմ» ռուսական ընկերությունը հանդիսանում է հայկական «ԱրմենՏել» ընկերության հարյուր տոկոսանոց սեփականատերը: Այն մատոցում է ֆիքսված ( մոտ 650 հազար բաժանորդի) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդի) ծառայություններ:
Placeholder
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը` ԳԵՐԻՇԽՈՂ