ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ` ՕՍԿԱՐ-2008 ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մշակույթ
17:51 23/09/2008

ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ` ՕՍԿԱՐ-2008 ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայազգի ռուս ռեժիսոր և սցենարիստ Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմը ներկայացվելու է Ամերիկյան կինոակադեմիայի կազմակերպած Օսկար-2008 կինոփառատոնում: Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Ռուսաստանից մրցանակաբաշխությանը մասնակցելուն հավակնում է 8 ֆիլմ և բաց քննարկումների ու գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է «Ջրահարս» ֆիլմը:

«Ջրահարս» ֆիլմը պատմում է ծովեզրում ապրող մի աղջկա մասին: Կյանքը բախտի քմահաճույթին հանձնած` նա երբեք չի պայքարում, միշտ հարմարվում է փոփոխվող պայմաններին ու պատմական անցուդարձին: Հայտնվելով Մոսկվայում` նա ծանոթանում է մի մարդու հետ, որն էլ նրա ամբողջ կյանքը փոխում է: Սիրահարվելով նրան` աղջիկը չի մտածում այն մասին, որ «արվարձանաբնակի» պատմությունը մեգապոլիսում ոչ միշտ է ավարտվում «Մոխրոտիկի» պատմությամբ…

Ա. Մելիքյանը տարբեր տարիների ընթացքում տարբեր կինոփառատոներում բազմաթիվ մրցանակների է արժանացել. Բեռլինի միջազգային կինոփառատոն` 2008 թ., Սոֆիայի միջազգային կինոփառատոն և այլն: Հուլիսի 13-20-ը Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» կինոփառատոնում Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմը արժանացել է «Ոսկե ծիրանի»` «Լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում:

Նշենք, որ Օսկար-2008-ին «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում արդեն ներկայացվել են ֆրանսիացի ռեժիսոր Լորեն Կանտի «Կլասս» («Պատի արանքում»), գերմանական «Baader Meinhof Komplex», շվեդ ռեժիսոր Ժանա Տրոյելլայի «Վայրկյաններ, որոնք ձգվում են հավերժ», բուլղարական «Էլդորադո» ֆիլմերը, բրազիլական «Last Stop 174» դրաման:

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխությունը` Օսկար-2008-ը, տեղի է ունենալու 2009 թ. փետրվարի 22-ին:
Placeholder
ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ` ՕՍԿԱՐ-2008 ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՈՒՄ