ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ
Կրթություն, գիտություն
18:23 30/09/2008

ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի ունեցավ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանդիսավոր արարողությունը: Նախագահի խոսքով, տաղանդավոր երիտասարդներին մրցանակների հանձնումը շատ կարևոր իրադարձություն է բոլորի համար: Շնորհավորելով բոլոր հաղթողներին, նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ նրանք կարող են հասնել մեծ հաջողությունների: «Մրցանակների չափերը պայմանական բնույթ ունեն, և դա սկզբնական կապիտալն է, կապիտալ ոչ միայն նյութական առումով, այլև ինտելեկտուալ, և ես շատ ուրախ եմ դրա համար»,-ասաց նա:

«Երբ մենք ասում ենք, որ մեր երկրի հարստությունը կրթությունն ու ժամանակակից երիտասարդությունն են, մենք ի նկատի ունենք ձեզ: Շատ ուրախ կլինեմ, որ կրթված երիտասարդի կերպարը օրինակելի լինի յուրաքանչյուր հայ աշակերտի և ուսանողի համար: Վստահ եմ, որ այդ մտայնությունը կամրապնդվի մեր ժողովրդի մեջ: Այլ ճանապարհ չկա: Մենք չենք կարող լինել մրցունակ երկիր, եթե չունենանք գիտելիքներ սիրող և ունեցող երիտասարդություն»,-ընդգծեց նախագահը:

Երկրի ղեկավարը նշեց, որ կառավարությունը ՏՏ ոլորտը դիտում է ոչ միայն որպես տնտեսության մաս, այլև բնագավառ, որը կարող է նպաստել երկրի մրցունակության բարձրացմանը, ինչի համար էլ մի քանի տարի առաջ ոլորտի զարգացումը հռչակվել էր գերակա: Նախագահը հույս հայտնեց, որ յուրաքանչյուր տարի այս ոլորտի ձեռքբերումները կավելանան:

Նախագահը ընդգծեց, որ անհրաժեշտ է գիտությունն ու գիտահենք արդյունաբերությունը սերտացնել կրթության հետ, և Հայաստանը գրավիչ դարձնել միջազգային առաջատար ընկերությունների համար, որոնք կօգնեն մեզ կրթել մեր երիտասարդ սերնդին: Երկրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց «Սինոփսիս» ընկերությանը այդ գործում աջակցության համար, վստահություն հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի:


Իր հերթին ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ այս տարվա արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են: «Մենք փայլուն երիտասարդություն ունենք, և մեր ապագան հուսալի ձեռոքերում է»,-ասաց նա:

Նշենք, որ մրցանակներ ստացան 29 ուսանողներ` ՀՊՃՀ-ից, ԵՊՀ-ից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Ռուս-հայկական համալսարանից, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական թեքումով 6 դպրոցներից: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմեց 4.23 մլրդ դրամ:

Placeholder
ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ