ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Կրթություն, գիտություն
19:03 07/10/2008

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Ուսուցչի տոնի առթիվ այսօր Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կազմակեպվել էր մեծ միջոցառում: Հանդիսությանը ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, պետական և հասարակական գործիչներ, կրթական բնագավառի ներկայացուցիչներ:

Շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ` վարչապետը նշեց, որ Հայաստանի ապագան տեսնելու համար պետք է նայել աշակերտներին, որոնց դաստիարակման ու կայացման գործում անգնահատելի է ուսուցչի գործունեությունը: «Արդեն 7-րդ տարի է, ինչ կառավարության որոշման համաձայն նշվում է ուսուցչի տոնը: Այս տոնը բացառիկ հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս կարևորելու ուսուցչի դերն ու նշանակությունը հասարակության կյանքում: Ուսուցիչների խնդիրները միշտ գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք 2009 թվականից նախատեսել ենք բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը` հասցնելով մինչև 120 հազար դրամի»,- հավելեց վարչապետը:

Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, շնորհավորելով բոլոր մանկավարժներին, նշեց, որ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում ուսուցիչներն իրենց ուսերին էին վերցրել անկախության սերնդի դաստիարակման գործն ու արժանապատվորեն արձանագրել հաղթանակ: Նախարարն առավել կարևորեց ուսուցչի դերը մեր ինքնության ճանաչման, ազգային մշակույթն ու հոգևոր արժեքներն իր մեջ կրող սերնդի կրթման գործընթացում:

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական ամենամյա մրցույթի արդյունքները: Վարչապետը «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթող ճանաչված Տավուշի մարզի Իջևանի թիվ 1 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անուշ Մեհրաբյանին և «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգի մրցանակակիր` Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 7 մանկապարտեզի դաստիարակ Արփիկ Հովակիմյանին հանձնեց «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաների բանալիներ: «Տարվա լավագույն տնօրեն» ճանաչված Վայոց Ձորի մարզի Մալիշկայի թիվ 1 դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը ստացավ համակարգիչ:

Կրթության բնագավառում ցուցաբերած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար ՀՀ նախագահի անունից այսօրվա հանրապետության 8 մանկավարժի շնորհվեց «ՀՀ վաստակավոր մանակավարժի» կոչումով, ևս 8-ը պարգևատրվեցին «Մովսես Խորենացի» մեդալով:

Վաստակաշատ 3 ուսուցիչ ստացավ ՀՀ վարչապետի հուշամեդալ, ևս 6-ը` ՀՀ վարչապետի շնորհակալագիր:

Մի խումբ մանկավարժների հանձնվեցին նաև այլ խրախուսական մրցանակներ ու պարգևներ:

Նշենք, որ ուսուցչի տոնը յուրաքանչյուր տարի նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Placeholder
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ