ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԼՍՎԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ
Քաղաքական
16:44 15/10/2008

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԼՍՎԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 5-ին հանձնաժողովը նախատեսում է անցկացնել խորհրդարանական լսումներ «Կրթությունը և գիտությունը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում» թեմայով, որին կմասնակցեն ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների, ԳԱԱ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, շահագրգիռ այլ անձինք:

Այնուհետև հանձնաժողովի նիստում քննարկվել է ԱԺ մի քանի պատգամավորների հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համահեղինակ Ն. Զոհրաբյանը, ներկայացնելով օրինագծերը, նշել է, որ փոփոխություններն ուղղված են հեռարձակվող հանրային և մասնավոր լրատվության միջոցների գործունեությունը կարգավորող անկախ մարմնի` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, անկախության ապահովմանը, անդամների ընտրության մրցութային կարգին: Նկատենք, որ ըստ Սահմանադրության, ՀՌԱՀ-ը ձևավորվում է հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից:

Փոփոխությունները հիմնականում վերաբերվում են այդ մարմինների ձևավորման սկզբունքներին և ֆինանսական անկախության ապահովման մեխանիզմներին, բազմակարծության ապահովման դրույթներին: Օրինագծերի համահեղինակը նաև տեղեկացրել է, որ փոփոխությունների համար հիմք են հանդիսացել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները, որոնցով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ կասեցվել կամ ուժը կորցրած են ճանաչվել, ինչպես նաև հաշվի են առնվել ԵԽԽՎ 1609 բանաձևով առաջարկվող բարեփոխումները:

Նիստի ընթացքում կառավարության բացասական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը. ըստ այդմ` օրինագծում ամրագրված որոշ սկզբունքներ հակասում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերին: Քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն նաև ոլորտի ներկայացուցիչներ, և օրինագծերը դարձնել երկուստեք ընդունելի:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ հավաստիացրել է, որ կքննարկվեն կառավարության բոլոր առաջարկները: Օրինագծերի փաթեթը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:
Placeholder
ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԼՍՎԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ