ԵՐԱԺԻՇՏՆ ԻՐ ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶԻ 70-ԱՄՅԱԿԻՆ
Մշակույթ
17:12 16/10/2008

ԵՐԱԺԻՇՏՆ ԻՐ ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶԻ 70-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 18-ին Երևանում ջազային համերգով հանդես են գալու երգահան և դաշնակահար Գարի Քյոսայանի ջազ քառյակն («Gary Kesayan Jazz Quartet») ու ամերիկացի հանրահայտ երգչուհի Ինդեյան (Indeya): Հոբելյանական համերգը նվիրված է «Հայկական ջազի 70-ամյակին», թեև` ինչպես ասուլիսում տեղեկացրեց Գ. Քյոսայանը, «Հայկական ջազ 70» ծրագրի կազմակերպիչների կողմից հրավերի բացակայության պատճառով, այս համերգն ընդգրկված չէ հոբելյանական համերգների շարքում:

«Իրենց կողմից հրավեր չեմ ստացել, այնուամենայնիվ, այս համերգը նվիրում եմ հայկական ջազին, քանի որ այն ինձ հոգեհարազատ է: Համերգի ընթացքում փորձելու եմ հայ հանդիսատեսին ծանոթացնել ամերիկյան ջազին, բլյուզներին, ավելի մատչելի դարձնել նրանց համար ամերիկյան ջազի ստանդարտները: Բացի այդ, կհնչի նաև 4 ստեղծագործություն իմ երգացանկից»,-ասաց Գ. Քյոսայանը:

Երաժշտի կարծիքով, սկզբնական շրջանում նա ամերիկյան հանդիսատեսին ներկայացել է ամերիկյան ջազ կատարումներով, սակայն հետզհետե, գտնելով իր հանդիսատեսին, սկսել է հանդես գալ իր և հայկական ջազային այլ ստեղծագործություններով:

Գ. Քյոսայանի խոսքերով, իրեն ներշրչում են Բախի, Ռախմանինովի, Խաչատրյանի, ջազ կոմպոզիտորներ Մարկ Դևիսի, Բիլ Էվանսի ստեղծագործությունները: Իսկ երգչուհի Ինդեյայի խոսքերով, հայկական երաժշտությունը, մասնավորապես հայկական ջազն ու Գ. Քյոսայանի ստեղծագործությունները սիրելի են իր համար և հոգեհարազատ: «Այս համերգին ես ներկայացնելու եմ մաեստրո Քյոսայանի 3 հրաշալի ստեղծագործություններ: Նրանք ինձ շատ են դուր գալիս»,-ասաց երգչուհին:

Նշենք, որ համերգը կազմակերպվել է «ՎՏԲ» հայկական բանկի և «ԱրմենՏել» ընկերությունների աջակցությամբ:
Placeholder
ԵՐԱԺԻՇՏՆ ԻՐ ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶԻ 70-ԱՄՅԱԿԻՆ