«ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ»-Ը ՆԱԽՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱՎ
Տնտեսություն
12:28 17/10/2008

«ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ»-Ը ՆԱԽՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱՎ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում շարժական կապի նախապես հայտարարված մրցույթում «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը ճանաչվեց հաղթող: ՀԾԿՀ-ն նաև «Ֆրանս Տելեկոմ»-ին էլեկտրոնային հեռահաղորդակցման ցանցի շահագործման թույլտվություն տվեց, ինչպես նաև իրավունք` օգտագործել ռադիոհաճախականություններ: Բացի այդ, ՀԾԿՀ-ի որոշմամբ, «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը կարող է ՀՀ տարածքում հեռախոսահամարներ օգտագործել:

Հանձնաժողովի որոշմամբ, «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը համարվում է նախնական լիցենզավորված: ՀԾԿՀ-ի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանի խոսքով, եթե 4 շաբաթների ընթացքում նախնական լիցենզավորումից հետո մրցույթի մասնակիցներից ոչ մեկը չբողոքարկի մրցույթի արդյունքները, ապա դրանից հետո 2 շաբաթվա ընթացքում հանձնաժողովը հաղթողին կտա վերջնական լիցենզիա և թույլտվություն:

Լիցենզիայի համաձայն, երկու տարվա ընթացքում ընկերությունը պարտավորվում է Հայաստանի 42 քաղաքում 1-ական գրասենյակ բացել, ստեղծել ենթակառուցվածքներ, ապահովել բացօթյա GSM-ծածկույթով: Բացի այդ, «Ֆրանս Տելեկոմ»-ը երեք տարվա ընթացքում պարտավորվել է ՀՀ 200 գյուղերն ապահովել բացօթյա GSM-ծածկույթով, ինչպես նաև միջքաղաքային, մասնավորապես, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհները:

Ինչպես նշեց Գ. Գևորգյանը, ընկերությունը կատարելու է 200 մլն եվրոյի չափ ներդրում: Քննարկումների արդյունքում, ընկերությունը հայտնել է, որ այդքան գումարով չի սահմանափակվի և կներդնի ավելին, քանզի պատրաստ է նաև դուրս գալ ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ կապի շուկա:
Placeholder
«ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ»-Ը ՆԱԽՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱՎ