Գ. ԳՅՈՒՐՋՅԱՆ. ՄԵՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒՆԻ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ
Մշակույթ
17:29 21/10/2008

Գ. ԳՅՈՒՐՋՅԱՆ. ՄԵՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒՆԻ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ

«Հայաստանը, միանալով «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանման մասին» կոնվենցիային` հնարավորություն կտա իր քաղաքացիներին լայնորեն կիրառել մշակութային և գիտական նվաճումներից օգտվելու, մշակութային ժառանգությանը հաղորդակից լինելու իրենց սահմանադրական իրավունքը»,-այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:

Նշենք, որ նախօրեին ԱԺ նիստի ժամանակ քննարկվել է Հայաստանը` «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանման մասին» կոնվենցիային միանալուն հարցը։ Լսումները շարունակվելու են նաև այսօր:

Գ. Գյուրջյանը նշեց նաև, որ կոնվենցիայի վավերացումը կնպաստի Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանն ու խրախուսմանն ուղղված Հայաստանի քաղաքականության իրականացմանը, հնարավարություն կտա կատարելագործել ժառանգության պահպանության օրենսդրական դաշտն ու բարձրացնել սեփական քաղաքացիների մասնակցության աստիճանը իր ճարտարապետական ժառանգության պահպանությանն ու կառավարմանը:

«Միանալով կոնվենցիային` մենք պետք է վարենք այնպիսի քաղաքականություն և ստեղծենք այնպիսի օղակ, որ կարողանանք այնտեղ առաջ քաշված կետերն իրականացնել: Կոնվենցիային միացող պետություններից պահաջվում է կատարելագործել կառավարման համակարգը»,-ասաց բանախոսն ու հավելեց, որ մեր կառավարումն, իրոք, ունի թերացումներ, ունի լուրջ վերաձևավորման կարիք: «Կառավարման լավ համակարգ ունենալու դեպքում կարող ենք իրականացնել կոնվեցիայի առաջարկած կետերը»,-ընդգծեց մշակույթի փոխնախարարը:

Կոնվենցիան ստորագրվել է Գրանադայում (Իսպանիա) 1985 թ. հոկտեմբերի 3-ին և ուժի մեջ մտել 1987 թ. դեկտեմբերի 1-ից։ Հայաստանի անունից 2007 թ. մայիսի 17-ին կոնվենցիան ստորագրել է ԵԽ-ում հանրապետության մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Կոնվենցիան նպատակաուղղված է ամրապնդելու և խրախուսելու ԵԽ անդամ պետությունների ճարտարապետական ժառանգության պահպանությունն ու դրա արժևորմանն ուղղված քաղաքականությունը: Այն անդրադառնում է հուշարաձանները, ճարտարապետական համալիրներն ու տեսարժան վայրերը հաշվառելու պարտավորությանը:
«Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանման մասին» կոնվենցիան նախատեսում է նաև պատժամիջոցներ սահմանված պահանջների խախտման դեպքում, մասնավորապես, օրինախախտին ստիպել, որ համապատասխան պահանջներին չհամապատասխանող նորակառույց շինությունը փլուզման ենթարկի կամ պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքն իր նախկին տեսքով վերականգնվի։

Վերջին տվյալներով, կոնվենցիան ստորագրել է 32 պետություն` Անդորրան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան և այլք:

Նշենք, որ Հայաստանի ներկայիս տարածքում գտնվող հուշարձանների թիվը մոտավորապես 40 հազար է, որոնցից միայն 24 հազար 200-ն են ընդգրկված Հայաստանի կառավարության կողմից հաստատված հուշարձանների ցանկում:

Placeholder
Գ. ԳՅՈՒՐՋՅԱՆ. ՄԵՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒՆԻ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ