ՈՐՈՇՈՒՄ` ՋՈՒՂԱՅԻ ՄԱՍԻՆ
Մշակույթ
18:35 21/10/2008

ՈՐՈՇՈՒՄ` ՋՈՒՂԱՅԻ ՄԱՍԻՆ

ԻԿՕՄՕՍ-ի 16-րդ ասամբլեայում հայկական պատվիրակության կողմից (նախագահ` մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյան) ներկայացվել է «Ջուղայի պատմական գերեզմանատան ավերումը» որոշման նախագիծ: «Մենք ժառանգության պահապանների, պրոֆեսիոնալների ամենամեծ ֆորումում ներկայացրեցինք Ջուղայի գերեզմանատան ավերման գործընթացը, որի արդյունքում ընդունվեց որոշում»,-ասուլիսում ասաց Գ. Գյուրջյանը:

Նախագծում ներկայացնելով Ջուղա նշանավոր հայկական բնակավայրի մշակութային արժեքները` խաչքար-հուշարձաններից բաղկացած գերազմանատունը և ընդհանրապես` Ջուղան որպես մշակութային կենտրոն, հաշվի առնելով ներկայիս վիճակը, հոկտեմբերի 4-ին ԻԿՕՄՕՍ-ի անդամները միաձայն ընդունել են որոշում` «Որպես մշակութային և բնության ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի կողմ-պետության` ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը հրավիրել Ջուղայի պատմական գերեզմանոցի ավերման վրա և նրանց տեղեկացնել ժառանգության պահպանության միջազգային փորձագետների մտահոգությունը. դիմել ադրբեջանական իշխանություններին` դյուրացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ ԻԿՕՄՕՍ-ի միջազգային փորձագետների պատվիրակության մուտքը հնավայր` այն ուսումնասիրելու և միջազգային հանրությանը արդյունքների մասին տեղեկացնելու նպատակով»:

Հիշեցնենք, որ ԻԿՕՄՕՍ-ի 16-րդ Գլխավոր ասամբլեան գումարվել է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը` Քվեբեկում:

Հայկական միջնադարյան գերեզմանատունն ու պատմական հուշարձանները, որոնք գտնվում են Հին Ջուղայի տարածքում, վերջին 15 տարվա ընթացքում ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ սկսել են մեծ թափով ոչնչացվել` բազմաթիվ խաչքարեր են թաղվել հողի տակ, մյուսներն էլ ոչնչացվել ու նետվել են Արաքս գետը: 2006թ. հունվարին Եվրոմիությունը որոշում է կայացրել, որով դատապարտել է ադրբեջանական կողմի գործողությունները Հին Ջուղայի տարածքում: Այդ տարածքում խաչքարերից բացի (սկզբնական շրջանում 10.000 խաչքար) եղել են նաև հազարավոր խոյաձև քանդակազարդ տապանաքարեր:
Placeholder
ՈՐՈՇՈՒՄ` ՋՈՒՂԱՅԻ ՄԱՍԻՆ