ՄԵԿՆԱՐԿԵՑ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Կրթություն, գիտություն
13:06 21/10/2008

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի ունեցավ ինֆորմատիկայի ուսանողական օլիմպիադայի բացման արարողությունը: Օլիմպիադային մասնակցում են հանրապետության պետական և ոչ պետական բուհերի ուսանողները: Մասնակցության հայտ են ներկայացրել հանրապետության 11 բուհերի 20 թիմեր` թվով 56 ուսանող: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 3 ուսանող:

«Օլիմպիադան անցկացվում է մեր համալսարանի 75-ամյա հոբելյանի շրջանակներում: Հաղթող թիմը հնարավորություն կունենա մեկնել Միացյալ Նահանգներ, մասնավորապես, Կալիֆորնիա` մրցումներն այնտեղ շարունակելու համար: Սա մեր բուհի համար արդեն ավանդույթ դարձած օլիմպիադա է, որը հաջողվեց հանրապետական դարձնել: Ընդգրկված թիմերը բավական ուժեղ են ու փորձառու»,-ասաց օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Օլիմպիադայի ժյուրիի համանախագահ, Երևանի ինֆորմատիկայի քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանի խոսքերով, օլիմպիադայի բոլոր մասնակիցներին առաջադրվելու են հայերեն ձևակերպված ալգորիթմական խնդիրներ: Լուծումները համակարգչային թեստային ստուգման են ենթարկվելու, իսկ մասնակիցները կարող են հետևել այդ գործընթացին հենց մրցույթի ժամանակ: «Գնահատումը կատարվելու է միջազգային կանոններով, այսինքն` ավտոմատ կերպով: Աշխատում է ծրագիր, որն ընդունելով ուսանողների կազմած ծրագրերը, թեստավորում է: Ժյուրիի միջամտությունն այդ գործընթացին նվազագույն է»,-նշեց Ա. Աբրահամյանը:

Թիմային առաջնությունում առաջին կարգի դիպլոմին արժանացած թիմը կստանա 200 000 դրամ, երկրորդ կարգի դիմպլոմի արժանանալու դեպքում`150 000 դրամ, իսկ երրորդ կարգի դիպլոմի համար` 100 000 դրամ: Դրամական պարգևները սահմանված են «Օլիմպ» ասոցիացիայի կողմից:

Նշենք, որ օլիմպիադան կտևի 3 օր: Վաղը կկայանա անհատական առաջնությունը, իսկ հոկտեմբերի 23-ին օլիմպիադայի հաղթողների մեծարման երեկո կկազմակերպվի, որի ընթացքում էլ կհանձնվեն մրցանակները:
Placeholder
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ