ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ...  ՀԱՏՈՒԿ ԴՊՈՐՑՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵՑԻՆ
Կրթություն, գիտություն
14:59 23/10/2008

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ... ՀԱՏՈՒԿ ԴՊՈՐՑՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵՑԻՆ

Մինչ լսողության խանգարում ունեցող թիվ 9 դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել` դժգոհելով, թե ինչու պետք է փակեն իրենց դպրոցը կամ միացնեն 15-րդ հատուկ դպրոցին՝ գործադիրն ընդունեց իր հերթական որոշումը, որը վերաբերվում է հենց նրանց:

Այսպես: Կառավարության հերթական նիստում ընդունվեց Երևանում, և ընդհանրապես Հայաստանում գործող լսողության խանգարումներ ունեցող երեխաների 2 հատուկ դպրոցները (9-րդ և 15-րդ) միավորվելու որոշում: Կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանի ներկայացմամբ, 9-րդ դպրոցը միացվելու է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների» թիվ 15 հատուկ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որը վերանվանվելու է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»:

Բագրատ Եսայանի հիմնավորմամբ, իրենք միավորման այդ գործընթացն անում են` ելնելով լսողության խանգարումներ ունեցող, չխոսող երեխաների զարգացման, անկախ ապրելու, ինքնուրույն կյանքի հեռանկար ունենալու մտահոգությունից: «Նորաստեղծ լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրը և Երևանի խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների թիվ 8 հատուկ դպրոցը հետագայում կհզորացվեն համաձայն «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2008-2015 թվականների պետական ծրագրի», նրանց կտրվի համապատասխան ճյուղի ռեսուրսային և գիտագործնական կենտրոնի կարգավիճակ, որտեղ համապատասխան մասնագետների կողմից կմշակվեն, կփորձարկվեն ու կիրառության մեջ կդրվեն ուսուցման և դաստիարակության նորագույն մեթոդներ: Դրանք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` լսողության և խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների ուսուցումը կդարձնեն մատչելի, հետաքրքիր ու առավել արդյունավետ: Միևնույն ժամանակ դրանք ուղեցույց կհանդիսանան ներառական կրթություն իրականացնող դպրոցների մանկավարժների համար»,-իրենց որոշումը նա բացարտեց այս կերպ:

Նշենք, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիշեցնենք, որ թիվ 9 դպրոցում ուսանում է շուրջ 125 աշակերտ, իսկ 15-րդ դպրոցը նախատեսված է շուրջ 250-300 աշակերտի համար։ Այստեղ սովորում է շուրջ 105 աշակերտ։ Նախարարությունն այս դպրոցը համարել է «անհամեմատ լավ պայմաններ ունեցող», հարուստ` ուսումնանյութական բազայով:
Placeholder
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ... ՀԱՏՈՒԿ ԴՊՈՐՑՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵՑԻՆ