«ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔԸ»` ՄԱՅՆԻ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ
Մշակույթ
18:21 29/10/2008

«ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔԸ»` ՄԱՅՆԻ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ

Հոկտեմբերի 15-19-ը Մայնի Ֆրանկֆուրտի Գրքի 60-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանը ներկայացնում էին մշակույթի նախարարության, «Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի», «Անտարես», «Զանգակ-97», «Էդիտ Պրինտ» հրատարակչությունների և «Արտ Բրիջ» գրախանութի ներկայացուցիչները: Ցուցահանդեսից ստացած տպավորությունների մասին լրագրողներին պատմեցին Հայաստանի մշակույթի նախարարության գրահրատարակչության գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը և «Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի» նախագահ Վահան Խաչատրյանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից սովորաբար յուրաքանչյուր տաղավարի համար տրամադրվում է անվճար 8 քմ տարածք, սակայն այս տարի Հայաստանի տաղավարը եղել է 20 քմ, ինչի համար մշակույթի նախարարությունը վճարել է 6-7 հազար եվրո: Հայկական տաղավարում ցուցադրվել է ավելի քան 400 անուն գիրք` հանրագիտարաններ, գիտահանրամատչելի, գեղարվեստական, մանկական, թարգմանական գրականություն և ալբոմներ: Հայկական տաղավարը ձևավորել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Այնտեղ առանձնացված է եղել երկու հատուկ անկյուն` նվիրված Վիլյամ Սարոյանին և հայկական տպագրության 500-ամյակին: Վերջինում ներկայացվել է «Ուրբաթագիրքի» նմանօրինակը:

Է. Միլիտոնյանը նշեց, որ ցուցահանդեսը հնարավորություն տվեց պարզել, որ հայկական գրքի, գրականության նկատմամբ հետաքրքրությունը բավականին աճել է: Նա նաև նկատեց, որ հայկական գրքերի որակը բարձր է եղել` միջինից էլ բարձր, ինչը վկայում է, որ այստեղի հրատարակիչները կարողանում են ժամանակին զուգընթաց պահպանել իրենց մասնագիտական որակները:
Պետպատվերի շրջանակներում լույս տեսած գրքերը հայկական պատվիրակությունը նվիրել է Հեսսեբ երկրամասի հայկական համայնքին, մի մասն էլ` հայկական դեսպանատանը: Վերջին օրը կազմակերպած տոնավաճառում մասնավոր հրատարակիչներն իրենց գրքերը վաճառքի են հանել, ու թեև ասուլիսի մասնակիցները չցանկացած նշել կոնկրետ գումար, սակայն, ըստ Վ. Խաչատրյանի, «Արտ Բրիջը» գոհ է եղել:

Նշենք, որ այս տարի հայտարարված է եղել «Թուրքական գրքի տարի», իսկ այն հարցին, թե ե՞րբ կլինի «Հայկական գրքի տարի», Է. Միլիտոնյանը նշեց. «Մենք ցանկանում էինք այն անցկացնել 2012 թվականին, սակայն պարզվեց, որ մինչև 2016 թվականն արդեն պատվիրված է: Դրա համար հարկավոր է շատ մեծ գումար` տասնյակ միլիոնավոր եվրոներ»:

Մայնի Ֆրանկֆուրտի գրքի ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառին այս տարի մասնակցել են աշխարհի 120 երկրի հրատարակիչներ: Հայաստանն այս տարի 18-րդ անգամ է մասնակցել:
Placeholder
«ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔԸ»` ՄԱՅՆԻ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ