ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Մշակույթ
12:38 31/10/2008

ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Նոյեմբերի 1-ից 6-ը Երևանում անցկացվելու է սաքսոֆոնահարների հանրապետական 1-ին մրցույթը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը: Միջոցառումը կազմակերպում են Հայաստանի մշակույթի նախարարությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, «Հայաստանի պատանի սաքսոֆոնահարների ասոցիացիա» ՀԿ-ն:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի խոսքով, վերջին տարիներին Հայաստանի սաքսոֆոնահարները, մասնակցելով տարբեր միջազգային մրցույթների և փառատոների, բազմիցս ապացուցել են իրենց վարպետությունը և կատարողական բարձր կարողությունները` արժանանալով հեղինակավոր մրցանակների: «Նախաձեռնելով Հայաստանի սաքսոֆոնահարների առաջին մրցույթը, կազմակերպիչները հետամուտ են հանրապետությունում բարձրացնելու սաքսոֆոնի նկատմամբ հետաքրքրությունը, սատարելու փողային և մասնավորապես, սաքսոֆոնային կատարողականության զարգացմանը երիտասարդության շրջանում»,-ասաց Գ. Դուրգարյան:

Սաքսոֆոնահարների հանրապետական 1-ին մրցույթին մասնակցում է սաքսոֆոն-ալտ և սաքսոֆոն-տենոր մասնագիտությամբ 17 սաքսոֆոնահար: Մրցույթը անցկացվում է երկու փուլով և տարիքային երկու խմբով (Ա խումբ - մինչև 18 տարեկան, Բ խումբ - 18-30 տարեկան):

Մրցութային հանձնաժողովի որոշումները վերջնական են և փոփոխման ենթակա չեն: Մրցութային հանձնաժողովին իրավունք է վերապահվում անհրաժեշտության դեպքում կիսել մրցանակները:
1-ին և 2-րդ փուլերը կանցկացվեն ԵՊԿ փողային ամբիոնի դահլիճում:

Placeholder
ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ