ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ 6-ՐԴ ԲԻԵՆԱԼԵՆ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Մշակույթ
13:10 04/11/2008

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ 6-ՐԴ ԲԻԵՆԱԼԵՆ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Գյումրու ժամանակակից արվեստի վեցերորդ բիենալեն նոյեմբերի 7-ին Գյումրուց կտեղափոխվի Վանաձորի պատկերասրահ: Այն անցկացվում է միջազգային բիենալեի շրջանակներում:

Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի նախագահ Ազատ Սարգսյանի խոսքով, հոկտեմբերի 7-ին Գյումրիում մեկնարկած ցուցահանդեսին մասնակցություն է ցուցաբերել 70 արվեստագետ, արվեստաբաններ ու ժամանակակից տարբեր արվեստների կենտրոնների ներկայացուցիչներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից: «Սա առաջին համագործակցությունը կլինի Վանաձորի մեր ընկերների հետ, որի համար շատ ուրախ ենք: Այսպիսով, կշարունակենք Երևանի մշակութային ապակենտրոնացումը: Ցուցահանդեսները մեզ հնարավորություն տվեցին ևս մեկ անգամ փաստել, որ սխալ է միայն Երևանում մշակույթը զարգացնելը, քանի որ հանրապետության մյուս քաղաքներում նույնպես մշակութային կյանքի կարիք կա»,-ասաց Ա. Սարգսյանը:

Վանաձորի պատկերասրահի տնօրեն Փափագ Ալոյանը նշեց, որ այս ցուցահանդեսը բավականին հետաքրքիր կլինի այն առումով, որ հնարավորություն կտա հանրապետության արվեստագետներին «շփման մեջ լինել»: Նա նույնպես շեշտեց այն միտքը, որ մշակույթն այս միջոցով հնարավոր կլինի մայրաքաղաքից ապակենտրոնացնել դեպի մարզեր:

Մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանի հավաստմամբ, մարզերում ապրող մարդկանց նույնպես պետք է հնարավորություն տալ շփվել, հաղորդակցվել ժամանակակից արվեստի հետ: «Մինչ այս, այն բոլոր գիտաժողովները, որոնք վերաբերել են ժամանակակից արվեստին, տեղի են ունեցել մայրաքաղաքում, իսկ հանրապետության մյուս քաղաքաների բնակիչներն անհաղորդ են մնացել գեղեցկին»,-նկատեց նա:

Նշենք, որ բիենալեի կազմակերպիչները համագործակցում են Սալոնիկի բիենալեի հետ, ու արդեն այնտեղից հրավեր են ստացել, այս ցուցահանդեսը նաև Սալոնիկի ժամանակակից արվեստ կենտրոնում ներկայացնելու համար:
Placeholder
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ 6-ՐԴ ԲԻԵՆԱԼԵՆ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ