ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 50 ԱՄՅԱԿԻՆ
Կրթություն, գիտություն
13:24 05/11/2008

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 50 ԱՄՅԱԿԻՆ

Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ այսօր մեկնարկեց «Մերձավոր Արևելք և Կովկաս. պատմություն, իրականություն, հեռանկարաներ» երկօրյա միջազգային գիտաժողովը: ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրսյանը Արևելագիտության ինստիտուտը համարում է առաջատար և լավագույն ինստիտուտներից մեկը, որը մեծ ներդրում ունի համաշխարհային զարգացաման գործընթացում:

Ինստիտուտը հիմնադրվել է 1958 թվականին որպես արևելագիտական սեկտոր, իսկ արդեն այս տարիներին դարձել ոչ միայն հանրապետության կարևոր գիտահետազոտական կենտրոններից մեկը, այլև մեծ ճանաչում ունի արտերկրում:
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտն այժմ համագործակցում է Ռուսաստանի, Վրաստանի, Սիրիայի, Եգիպտոսի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի արևելագետների հետ:

Գիտաժողովի ժամանակ արևելագիտական հետազոտությունների մասին զեկուցումներով հանդես կգան Հայաստանի, Լիբանանի, Հունգարիայի, Միացյալ թագավորության, Կիպրոսի, Իրանի, Վրաստանի արևելագիտական կենտրոնների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը շնորհավորելով ինստիտուտի գիտական աշխատողներին, նշեց, որ 50 տարիների ընթացքում այս ինստիտուտը շատ մեծ աշխատանք է կատարել արևելագիտության բնագավառում, ինչպես նաև մեր երկրին տվել փայլուն արաբագետներ, թուրքագետներ, իրանագետներ, քրդագետներ: «Ես 80-ական թվականների սկզբից համագործակցում եմ այս ինստիտուտի հետ և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ինստիտուտի բոլոր աշխատակիցներին իրենց բարեխիղճ աշխատանքի համար»,- հավելեց նա:

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այս գիտաժողովը շատ կարևոր է համարում նաև այն առումով, որ հնարավություն է տալիս արտերկրի ու տեղի մասնագետներին ծանոթանալ միմյանց ու աշխատանքներին: «Ես հույս եմ ունեմ, որ նմանատիպ գիտաժողովները կդառնան ավանդույթ և Արևելագիտության ինստիտուտը կկարողանա այս ավանդույթը շարունակել, ինչը շատ կարևոր է գիտության զարգացման համար»,- ասաց նա:

Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ այժմ Արևելագիտության ինստիտուտը ուսումնասիրում է ՄԵրձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի, ինչպես նաև Կովկասի երկրների ու ժողովուրդների պատմությունը, մշակույթը, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունները, կրոնը, ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի խնդիրները, հնագույն ժամանականերից մինչև արդի շրջանը: Այժմ ինստիտուտում աշխատում են 50-ից ավելի բարձրակարգ գիտնականներ: Ինստիտուտի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային գիտաժողովների և սեմինարների:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը պարգևներ հանձնեց գիտաշխատողներին:
Placeholder
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 50 ԱՄՅԱԿԻՆ