ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԸ
Առողջություն
14:27 08/11/2008

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԸ

Վանաձորում ու Ալավերդիում վերջերս գրանցված համաճարակի վերաբերյալ այսօր ամփոփիչ խոսքով հանդես եկավ հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը: Ըստ նրա, համաճարակի բռնկման պատճառը կոյուղաջրերի ու խմելու ջրի խառնվելն է եղել: Դեպքերի հետևանքով Ալավերդիում գրանցվել է 26 դեպք, Վանաձորում՝ 150, որոնք բուժումը ստացել են հիվանդանոցում, և ևս 300 «թեթև» դեպք, որոնք բուժվել են տնային պայմաններում:

Ասուլիսում հանրապետության գլխավոր համաճարակաբանը խոսեց նաև սեզոնային վարակների մասին: «Տարվա այս սեզոնը, այս եղանակն այն օրերն են, երբ ամառային վարակիչ հիվանդությունները կարծես վերջանում են, իսկ ձմռան ցուրտ ամիսներին բնորոշ վարակիչ հիվանդությունները դեռ չեն սկսվել»,-ասաց Ա. Ասոյանն ու ավելացրեց, որ այժմ առկա է մեկ ուրիշ՝ օդակաթիլային վարակիչ հիվանդություն: Ինչպես մասնագետը բնորոշեց, այն ուղեկցվում է թեթև հարբուխով ու հազով:

Անդրադառնալով հանրապետությունում տիրող սանիտարահիգիենիկ պայմաններին, նա անընդունելի համարեց, երբ աղբի կույտ տեսնելով նշում են, թե դա «խոլերայի բույն է»: «Խոլերայի բույնը միայն խոլերայով վարակված մարդն է»,-ասաց գլխավոր համաճարակաբանը:

Հանդիպման վերջում խոսելով Չինաստանում կաթից ու կաթնամթերքից առաջացած դեպքերի մասին, ու թե արդյոք մեր հանրապետությունում գրանցված դեպքերը կարող են նույն «վարկածն» ունենալ, մասնագետը հերքեց, նշելով, որ այնտեղ վարակվածների մոտ ախտահարվել են երիկամներն ու մահվան դեպքեր են գրանցվել:
Placeholder
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԸ