«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ՈՒՄ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞ԻՆ
Տնտեսություն
14:53 24/11/2008

«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ՈՒՄ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞ԻՆ

Panorama.am-ն արդեն գրել էր, որ իր տեղեկություններով, «Բջնիի»՝ շուկայից դուրս գալուց հետո «Ջերմուկի» իրացման ծավալները մեծացել են, թեև վերջինիս արտադրության պաշտոնական թվերը մնացել են նույնը: Բացի այդ, հասարակության մեջ սկսել են խոսակցություններ ծավալվել «Ջերմուկի» կասկածելի որակի մասին:

Բանն այն է, որ «Բջնի»-ն զբաղեցնում էր շուկայի զգալի հատված, իսկ նրա` շուկայից դուրս գալուց հետո, այդ ծավալների մեծ մասը, համաձայն համապատասխան ուսումնասիրությունների` վերաձևավորվել է հօգուտ «Ջերմուկի»: Ընդհանուր առմամբ, մասնագետների կարծիքով` խոսքը գնում է հանքային ջրի հետ կապված ստվերային շրջանառության մասին:

«Ջերմուկ գրուպ» ընկերության աշխատակազմի ղեկավար Մարիա Արսենյանը Panorama.am-ի հետ զրույցում պնդեց, որ իրենք որևէ խմբաքանակ շուկայում չեն ավելացրել և աշխատում են նախկին ծավալներով: Նա նաև հերքեց իրենց կողմից անորակ ապրանք շուկա բաց թողնելու մասին լուրերը:

Իսկ ահա հայաստանյան խոշոր սուպերմարկետների ցանց ունեցող ընկերությունները վկայում են, որ վերջին շրջանում իրենց մոտ ակնհայտորեն ավելացել են «Ջերմուկի» սպառման ծավալները: Ըստ այդմ, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի կատեգորիկ մենեջեր Նառա Մանուկյանը թեև հրաժարվեց կոնկրետ թվեր հայտնել, սակայն նշեց, որ իսկապես` վերջին շրջանում համեմատաբար ավելի շատ են պատվիրում «Ջերմուկ» և հավանաբար դա կապված է շուկայում «Բջնիի» դուրս գալու հետ:

«Երիցյան» խանութների ցանցում նույնպես հաստատեցին, որ ավելի հաճախ են պատվիրում «Ջերմուկ»` «քանի որ «Բջնիի» շուկայում ունեցած դժվարություններից հետո բնականաբար «Ջերմուկի» սպառումն ավելացել է»:

«Երևան-Սիթի» խանութների ցանցի կենտրոնական բաժնի տնօրեն Կարեն Սողոմոնյանի ներկայացմամբ նույնպես Ջերմուկի սպառման ծավալները իրենց մոտ մոտավորապես 10 տոկոսով ավելացել են:

Նույնը (սպառման ծավալներն ավելացել են) ասաց նաև «Սթար» ամենախոշոր սուպերմարկետների ցանցի մամուլի պատասխանատու Կարինե Ղազարյանը:

Մեզ չհաջողվեց բնապահպանության նախարարությունից պարզել, թե արդյո՞ք, «Ջերմուկ գրուպ» ընկերությունը դիմել է իրենց արդյունահանման ծավալները ավելացնելու նպատակով, սակայն մեկ բան ակնհայտ է, որ շուկայում «Ջերմուկի» սպառման ծավալներն ավելացել են, որը սակայն ընկերության ղեկավարությունը հերքում է: Եթե հավատանք «Ջերմուկ գրուպի» ղեկավարությանը, որ անգամ «Բջնիի» շուկայից դուրս գալուց հետո, իրենց իրացման ծավալները չեն ավելացել, ապա դա նշանակում է, որ կա’մ «Ջերմուկի» որակն այնքան ցածր է, որ շուկայում լրացուցիչ պահանջարկը սպառողները չեն լրացնում «Ջերմուկով», կա’մ լրացնում են, սակայն «Ջերմուկ գրուպն» այն խնամքով թաքցնում է:

Նշենք, որ մեր տեղեկություններով, «Ջերմուկ գրուպ» ընկերությունն այսօր օգտվում է 4 հորատանցքերից, որոնցից մեկ անմիջապես միացված է մայր գործարանի համակարգին: Յուրաքանչյուր հանքի հնարավորությունը տատանվում է 2,5-3,5 հազար խորանարդ մետր ամսական, սակայն որքան մեզ հայտնի է, ընկերությունը այդ ամբողջ ծավալը չի օգտագործում:
Placeholder
«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ՈՒՄ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞ԻՆ