ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԿԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
Մշակույթ
19:50 24/11/2008

ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԿԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

Երևանում հինգերոդ անգամ անընդմեջ կանցկացվի «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը: Այն կմեկնարկի նոյեմբերի 28-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 2-ը:

Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Լիզա» հիմնադրամի նախագահ Մարիամ Օհանյանը, ավանդական դարձած կինոփառատոնը նպատակ ունի վերաիմաստավորելու կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանելու նրա խնդիրները, ձևավորելու մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը և փոխըմբռնմանը:

Փառատոնին կներկայացվի 50 ֆիլմ` 11 երկրներից:

Մրցութային ծրագրից բացի կանցկացվեն նաև գերմանացի ռեժիսոր Ուլրիկե Օթինգերի և ֆրանսիացի ռեժիսոր Ագնես Վարդայի ֆիլմերի հետահայաց
ցուցադրություններ:

Փառատոնի ավարտին կշնորհվի «Լավագույն ֆիլմ» մրցանակը:

Ավելացնենք, որ փառատոնի հյուրերն են լինելու Անդրեյ Գերասիմովը (ռեժիսոր, Ռուսաստան), Բեվերլի Շաֆերը (ռեժիսոր, Կանադա), Ուլրիկե Օթինգերը (ռեժիսոր, Գերմանիա), Եկատերինա Երեմենկոն (ռեժիսոր, Ռուսաստան/Գերմանիա), Սալոմե Սագարաձեն (ռեժիսոր, Վրաստան), Ռոքիե Թավաքոլի Գերդեֆարամարզին (ռեժիսոր, Իրան), Հաթիս Քաները («Ֆիլմմոր» կանանց միջազգային փառատոնի ներկայացուցիչ, Թուրքիա), Էլիզա Բատոնին (ռեժիսոր, Իսպանիա) և այլք:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր` Բեվերլի Շաֆերի, Անդրեյ Գերասիմովի մասնակցությամբ:

Նշենք, որ ֆիլմերի ցուցադրությունները տեղի են ունենալու Երևանի Տիկնիկային թատրոնում:
Placeholder
ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԿԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ