ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ «ՆԵՎՍԿԻ ԲԼԱԳՈՎԵՍՏ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է 3 ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ
Մշակույթ
11:23 25/11/2008

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ «ՆԵՎՍԿԻ ԲԼԱԳՈՎԵՍՏ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է 3 ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ

Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնեական կինոյի «Նեվսկի բլագովեստ» միջազգային փառատոնում երեք ֆիլմ է ներկայացրել. «Քրիստոնյա Հայաստան», «Սուրբ մյուռոն. Անդադար ուժ» և «Մյուռոնօրհնեք»: Փառատոնը բացվել է նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ողջ շաբաթվա ընթացքում Ալեքսանդր Նևսկիի Սուրբ հոգևոր կենտրոնում և Սմոլնիի տաճարում կցուցադրվեն Ռուսաստանի քրիստոնեական համայնքների կողմից ներկայացվող ֆիլմերը: Կկազմակերպվեն նաև կլոր սեղաններ և կոնֆերանսներ, երգչախմբային երգի երեկոներ, կբացվի միջկրոնական լուսանկարների ցուցահանդես:

Ծրագրում ընդգրկված է 40 ֆիլմ` 35 վավերագրական, 4 խաղարկային կարճամետրաժ, ինչպես նաև` մեկ լիամետրաժ` Էրիկ Թիլայի «Լյութեր» ֆիլմը: Ֆիլմեր են ներկայացված 11 երկրներից, այդ թվում` Հայաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բելոռուսից, Բուլղարիայից, Սերբիայից և Ավստրալիայից:

«Մեր նպատակն է փոխըմբռնման ամրապնդումը և քրիստոնեական կինոարվեստի գործիչների միջև մշակութային փոխանակման զարգացումը»,- նշել է փառատոնի կազմակերպչական կոմիտեի նախագահ արքիմանդրիտ Նազարոսը:

Փառատոնի կազմակերպչական կոմիտեի կազմում ընդգրկված են Ռուսական Ուղղափառ, Հռոմեական Կաթոլիկ, Հայ Առաքելական և Ավետարանչական Լյութերական Եկեղեցիների ներկայացուցիչներ:

Ծրագրում չկան մրցութային ֆիլմեր, քանի որ ըստ կազմակերպիչների, մրցակցությունը հակասում է բարեկամության և միության գաղափարներին: Ֆիլմերը ցուցադրվելու են անվճար` նոյեմբերի 25-27-ը:
Placeholder
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ «ՆԵՎՍԿԻ ԲԼԱԳՈՎԵՍՏ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է 3 ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ