ԺՆԵՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Առողջություն
17:29 27/11/2008

ԺՆԵՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Առողջապահության նախարարությունն ու ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը վերլուծում են 2008 թվականի համատեղ ծրագրերի ընթացքում կատարած աշխատանքներն ու 2009 թվականի համար առողջապահության ու սնուցման ոլորտի նոր ծրագրեր են մշակում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը: Նրա խոսքով, այդ մասին նշվել է նախարար Հարություն Քուշկյանի ու ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ղեկավար Լեյլի Մոշիրի Ջիլանի հանդիպման ժամանակ:

Ըստ Կ. Սարիբեկյանի, հանդիպման ժամանակ Լ. Մոշիրի Ջիլանին նախարարին տեղեկացրել է, որ դեկտեմբերին Ժնևում ներկայացվելու է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործողությունների հերթական հնգամյա ծրագիրը և ցանկալի է, որ մինչ այդ նախարարությունը տրամադրի այդ ոլորտի հիմնական գերակայությունները: «Այդ առիթով, նախարարն ինտենսիվ աշխատանքի ակնկալիքով, շնորհակալություն է հայտնել հյուրերին և տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ կներկայացվեն ծրագրերն ըստ առաջնահերթությունների»:

Այսպիսով, ինչպես նշեց Կ. Սարիբեկյանը, Ժնևում, ըստ առաջնության, քննարկվելու է իմունականխարգելման ծրագրի կայունության ապահովման, մանկական և նորածնային մահացության նվազեցման, երեխաների և կանանց սնուցման բարելավմանն ուղղված քաղաքականության ու ռազմավարությունների ուժեղացմանն ուղղված ու այլ ծրագրեր:

Նշենք, որ հանդիպման ընթացքում Լ. Մոշիրի Ջիլանին փաստել է, որ իրենց հիմնադրամի «ամենամեծ գործընկերը առողջապահության նախարարությունն է» և որ իրենք ցանկություն ունեն հետագայում ևս համագործակցել մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի շուրջ:
Placeholder
ԺՆԵՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ