ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԷՔՍՊՈ-2010»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԻ
Տնտեսություն
13:48 28/11/2008

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԷՔՍՊՈ-2010»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԻ

Շանհայում կայանալիք «Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստանը հավակնոտ ծրագրեր ունի, այն եզակի հնարավորություն է` աշխարհին ցույց տալու, թե ինչով կարող է հպարտանալ երկիրը:

Ինչպես «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալության հետ հարցազրոււցում ասել է Հայաստանի կողմից ցուցահանդեսի նախապատրաստման եւ կազմակերպման ստեղծագործական խմբի ղեկավար, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Հայաստանի կառավարությունը հայկական ցուցասրահի նախապատրաստման նպատակով հատկացրել է ավելի քան $2,5 մլն: Հայկական կողմը «Էքսպո-2010»-ի կազմակերպիչներին նախնական հայտ է ներկայացրել 1000 քառ. մետր տաղավար հատկացնելու խնդրանքով, որը 3 անգամ ավելի մեծ է Հաննովերի եւ Աիչիի համաշխարհային ցուցահանդեսներում եղած մեր տաղավարներից:

«Մենք մտադիր ենք ներկայացնել Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառները, որոնք ունակ են հետաքրքրել ցուցահանդեսի այցելուներին, որոնց թիվը, ըստ կազմակերպիչների գնահատականների, կարող է գերազանցել 100 միլիոնը»,- ասել է Կարեն Աղամյանը:

Հայաստանի կառավարությունը «Էքսպո-2010»-ի նախապատրաստման հատուկ հանձնաժողով է ստեղծել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ: Ցուցասրահի պատրաստման անմիջական աշխատանքներով զբաղվում է Զարգացման հայկական գործակալությունն ու դրա տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Կարեն Աղամյանը տեղեկացրել է, որ ներկա փուլում քննարկվում է տաղավարի մի քանի նախագիծ, սակայն բազմաթիվ քննարկումների արդյունքում արդեն որոշվել է ցուցադրության թեման` «Հայերն աշխարհի քաղաքներում»: «Մենք մտադիր ենք ընտրել ամենաօրիգինալ նախագիծը, որպեսզի գրավենք առավելագույն թվով հաճախորդների ուշադրությունը, քանզի «Էքսպո-2010»-ում մենք պետք է մրցենք մի շարք երկրների եւ, մասնավորապես, Ճապոնիայի հետ, որի տաղավարը գտնվելու է մեր հարեւանությամբ»,- «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալությանն ասել է Կարեն Աղամյանը:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի Հայաստանի օր, որին ակնկալվում է երկրի բարձրաստիճան ղեկավարության ներկայությունը: Կարեն Աղամյանը շեշտել է, որ աշխատանքային խումբը բաց է առաջարկների համար եւ կողջունի բոլոր հետաքրքիր գաղափարները:

«Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսը կկայանա Շանհայում 2010 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին: Ցուցահանդեսի թեման է «Լավագույն կյանքը լավագույն քաղաքում»:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԷՔՍՊՈ-2010»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԻ