ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
Առողջություն
15:57 01/12/2008

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

2008 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը 656 է, որոնցից 13 վարակվածները 15 տարեկանից ցածր երեխաներն են: Իսկ 656-ից 284-ը վարակվել են ՁԻԱՀ-ով, վարակվածներից 6-ը երեխաներ են: Գրանցվել է ՁԻԱՀ-ից մահվան 154 դեպք: Այս տվյալներն այսօր լրագրողներին փոխանցեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Ըստ տարեկան արձանագրած դեպքերի, ՄԻԱՎ-ով առավելագույն՝ 118 դեպքը գրանցվել է այս տարվա 11 ամիսների ընթացքում, իսկ ՁԻԱՀ-ով` 74 և 32 մահվան դեպք: «Վերջին 4 տարիների ընթացքում ՄԻԱՎ վարակի դեպքերն ավելացել են` կազմելով 1988 թվականից մինչ օրս գրանցված դեպքերի կեսը»,- ասաց Ս. Գրիգորյանը:  Ավելացել է նաև ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը, որը մասնագետները պայմանավորում են ՄԻԱՎ վարակի հայտնաբերմամբ, լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայմամբ և ՄԻԱՎ-ի հետազոտությունների հասանելիության մեծացմամբ:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվն աշխարհում 2007-թվականի տվյալներով 33 մլն է: Նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 2,7 մլն նոր դեպք, որոնցից 370 հազարը 15 տարեկանից ցածր երեխաներ են, իսկ ՁԻԱՀ-ից մահվան 2 մլն դեպք` 200 հազարը 15 տարեկանից փոքրեր:

ՄԻԱՎ-ով վարակվածների մեծամասնությունը՝ 22 մլն, ապրում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներում, որտեղ են նաև Հայաստանն ու նախկին Խորհրդային Միության երկրները, ապրում է 1,5 մլն ՄԻԱՎ-ով վարակած մարդ, ինչը գերազանցում է թե Հյուսիսային Ամերիկայում 1,2 մլն մարդ, թե Արևմտյան Եվրոպայում՝ 730 հազար մարդ, ՄԻԱՎ-ով հիվանդների թվին:

Ըստ Ս. Գիրգորյանի ներկայացրած տվյալների, 2007 թվականին տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի գրանցված նոր դեպքերի հաշվարկային թիվը կազմել է 110 հազար, ինչը շուրջ 4 անգամ գերազանցում է Արևմտյան Եվրոպայի և ավելի քան 2 անգամ Հյուսիսային Ամերիկայում գրանցված վարակի նոր դեպքերի թվին:

Բացի այդ, տվյալների համաձայն, ՁԻԱՀ-ից մահացածների թիվը մեծահասակների ու երեխաների մոտ մեր տարածաշրջանում կազմում է 58 հազար, ինչը գերազանցում է Արևմտյան Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում գրանցված թիվը միասին վերցրած:

Վերջին 7 տարիներին ՄԻԱՎ-ով նոր դեպքերի թիվը և ՁԻԱՀ-ով մահացողների թիվը նվազում է` կապված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի ընդլայնումից:
Placeholder
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է