«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ». ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ՏԵՂ ՉԿԱ
Մշակույթ
16:35 01/12/2008

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ». ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ՏԵՂ ՉԿԱ

«Հայոց Ցեղասպանության մասին պատմող շատ ֆիլմեր կան` նկարահանված տարբեր երկրներում, որոնք մեր ողբերգությունը տարբեր մոտեցումներով են մեկնաբանում, բայց բոլոր ֆիլմերն ունեն մեկ ընդհանուր հատկանիշ` կա դիմող, հայցող, լացող, ովքեր փորձում են դեպքերը ներկայացնել շատ էմոցիանալ: Հայերիս պետք չէ դա, քանի որ մենք գիտենք, իսկ մյուսներն էլ դա չեն ընկալում, ասում են` դուք էմոցիոնալ եք, շահագրգռված եք այդ հարցի լուծման մեջ»,-ասուլիսում ասաց ռեժիսոր Ալեքսանդր Սարդուրը: Նա «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմի ռեժիսորն է: Ֆիլմի համահեղինակ Վարդան պապն ու  ռեժիսոր Ալեքսանդր Սարդուրը հանդես են գալիս կեղծանուններով, քանի որ դեռ պետք է Թուրքիա գնան, որպեսզի «սահմանին խնդիրներ չունենան», ինչպես նաև, ըստ իրենց մեկնաբանության, հեղինակային ոչ մի խնդիր չկա այստեղ, քանի որ իրենց ֆիլմը բոլորինն է):

Նրանց խոսքով, ֆիլմում ոչ մի հայ չկա, հերոսը գերմանացի Վոլֆգանգ Գուստն է (նա հայտնաբերել է Ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը ու դրանց հիման վրա գիրք գրել, որն էլ հիմք է ծառայել հենց այդ ֆիլմի համար), չկա ոչ մի հեղինակային մոտեցում, ոչ մի հաղորդավարական տեքստ, այլ ամեն ինչ հիմնված է փաստերի վրա, որոնք ձեռք են բերել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվից: Այդ փաստաթղթերը, ըստ Ալեքսանդր Սարդուրիի, վերջին 4 տարվա ընթացքում են հայտնաբերվել: «Այս մոտեցումով ֆիլմը հասցեագրելու ենք տարբեր ուղղություններով, քանի որ մեր դժբախտության մասին շատերը չգիտեն»,-ասաց նա:

2 ժամ 7-րոպեանոց վավերագրական ֆիլմն ունի երկու տարբերակ`գերմաներեն և հայերեն, սակայն ռեժիսորը նշեց, որ ցանականում են ունենալ 7-8 լեզվով թարգմանված, սակայն ֆինանսական խնդիրներ ունեն:«Սա հասարակական հիմունքներով նկարահանված ֆիլմ է` ոչ մի պետական աջակցություն: Դիմել ենք մշակույթի նախարարին, սակայն ստացել ենք անտարբերություն, անորոշ դիրքորոշում: Ոչ մի լուրջ վերաբերմունք պետական ատյաններում չկա»,-ասաց Ա. Սարդուրին:
Ըստ բանախոսների, գերմանացիները (պետական մակարդակով` կանցլեր, դեսպաններ) շատ մանրակրկիտ գրանցել են Ցեղասպանության ընթացքում տեղի ունեցած ամեն մի փաստ ու պահեստավորել: «Այդ փաստաթղթերը հենց նրանց ստորագրությամբ են ու ոչ մի կասկածի տեղիք չեն կարող տալ: Գերմանացիները, որոնք այդ ողբերգության մեջ իրենց մեղքի բաժինն ունեն, ընդունել են Ցեղասպանության երևույթը, սակայն առանց որևէ հետևանքի. մի ազգ, ով համահեղինակ է եղել, որի մասին փաստում են հենց այդ փաստաթղթերը»,-նշեց ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմը դեռ միայն ցուցադրվել է Երևանում` նոյեմբերի 17-ին Մոսկվայի տանը: Ֆիլմի ռեժիսորը դիմել է գերմանական տարբեր հեռուսաալիքներին, սակայն մերժում է ստացել` «չի համապատասխանում մեր ֆորմատին, ընդունելի չէ մեր կողմից» պատճառաբանությամբ, բայց, ըստ Ա. Սարդուրիի, նրանք չեն ուզում իրենց արածը էկրանում տեսնել: Դիմել են նաև ԱՄՆ-ում գործող Ցեղասպանության հարցերով զբաղվող հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանին, սակայն նա «անգամ չի էլ դիտել ֆիլմը», դիմել են «Հայ դատի» ԱՄՆ գրասենյակին, սակայն «չորս ամիս հեռախոսին չի մոտեցել ղեկավարը», դիմել են Երևանում գործող տարբեր հիմնադրամների, կրկին մերժում են ստացել: «Ինչո՞ւ պետք է այսպես լինի: Եկել եմ այն եզրակացության, որ Ցեղասպանության թեման դարձել է տնամերձ, բոստան` հատկապես Սփյուռքի կազմակերպություների համար, որով ապրում են, սնվում են, հիանում են, իսկ երբ հայտնվում են կողմնակի անձիք, ըստ իրենց, ներխուժում են իրենց բոստան: Հասկացա, որ խորթ ենք իրենց համար: Ինձ համար տարօրինակ, վտանգավոր երևույթ է»,-ասաց Ա. Սարդուրին:
Նշենք, որ ֆիլմը ներկայացվել է Բեռլինի կինոփառատոն և հունվարին նոր պարզ կդառնա` կընդգրկվի մրցութային ծրագիր, թե ոչ:
Placeholder
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ». ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ՏԵՂ ՉԿԱ