ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ «ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ»
Տնտեսություն
17:50 05/12/2008

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ «ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ»

Հայաստանում հայտարարվել է «Երևակայության գավաթ 2009» (Imagine CUP-2009) խորագրով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ուսանողական մրցույթ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, Հայաստանը երկրորդ անգամ է մասնակցում այս մրցույթին, որն ընդհանուր առմամբ անց է կացվում յոթերորդ անգամ:

Այս տարվա մրցույթում առաջարկվել է երկու թեմա՝ «Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը» և «Հայաստանի զբոսաշրջիկության զարգացում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»: Ներկայացված է 9 անվանակարգ, որոնցից 8-ը՝ առցանց: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանի տեղեկացմամբ՝ մրցույթը կանցկացվի երեք փուլով: Մրցույթին մասնակցելու հայտերը ընդունվում են մինչև հաջորդ տարվա հունվարի վերջը: Առաջին՝ նախապատրաստական, փուլը կտևի մինչև 2009թ. փետրվարը: Այդ ժամանակ մրցույթի մասնակիցները պետք է ձևավորեն 3-4 անձից բաղկացած թիմեր, կազմեն համապատասխան հայտեր ու ներկայացնեն առաջարկված թեմաների վերաբերյալ ծրագրային ապահովման բնութագրիչները:

Երկրորդ փուլի շրջանակներում, որը կտևի փետրվարից մինչև մայիս, մասնակիցները պետք է գնահատող հանձնաժողովին ներկայացնեն ծրագրային ապահովման փաթեթները: Արդեն մայիս ամսին կտրվի վերջնական գնահատական ու կընտրվեն 10 լավագույն թիմերը: Երկու թեմաներով առավել հաջող ծրագրային լուծումներ տված խմբերը դրամական պարգևներ կստանան: Իսկ մրցույթի առաջին՝ միջազգային, թեմայով հաղթողը կստանա Կահիրեի ուղեգիր, որտեղ հուլիս ամսին Microsoft ըկերությունն անցկացնելու է Imagine Cup համաշխարհային մրցույթը:

Մրցույթն անցկացվում է Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու CAPS USAID ծրագրի կազմակերպմամբ: Դրա նպատակն է առավել հետաքրքիր ուսանողական նախագծերը բացահայտելն ու դրանց աջակցելը, գաղափարների ու հեռանկարային հետազոտությունների փոխանակման խթանումը:
Կազմակերպիչների կարծիքով, հայ մասնակիցներին բացառիկ հնարավորություն է տրվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներկայացնել Հայաստանը միջազգային մակարդակում: Հիշեցնենք, որ այս տարի Imagine Cup մրցույթում Հայաստանը ներկայացնում էր ծրագրավորողների Alpha Sphere թիմը, որը 60 թիմերի մեջ զբաղեցրել էր 22-րդ տեղը:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ «ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ»