ՍԻՆՈՓՍԻՍԸ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՍԿՍԵԼՈՒ
Կրթություն, գիտություն
17:31 12/12/2008

ՍԻՆՈՓՍԻՍԸ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՍԿՍԵԼՈՒ

Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում բուհի ղեկավարությունն ու ուսանողությունը այսօր հանդիպել է «Սինոփսիս-Արմենիա» ՓԲԸ ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհի և ընկերության համագործակցության ընթացքն ու 2009/2010 ուս. տարվանից սկսվող նոր կրթական ծրագրին վերաբերող հարցեր: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՊՃՀ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից:

«ԲՈՒՀ-Արտադրություն կրթական մոդելը հանդիսանում է Հայաստանի ՏՏ ոլորտի ժամանակակից պահանջներին բավարարող մասնագետների պատրաստման արդյունավետ և արդեն իսկ իրեն արդարացրած մոդել: Լինելով ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատար՝ «Սինոփսիսը» կարևորում է համալսարանական ծրագրերի իրականացումը և մեծ ներդրումներ է կատարում նաև Հայաստանի կրթական համակարգի զարգացման և արդիականացման նպատակով: ՀՊՃՀ-ում նոր կրթական ծրագրի հիմնումը հերթական քայլն է պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ՏՏ ոլորտի բարձրորակ կադրերի պատրաստման հիմնախնդրի լուծման գործընթացում»,- հանդիպման վերաբերյալ ասել է «Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Իր հերթին, «Սինոփսիս Արմենիայի» Ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային համակարգեր և սխեմաներ» միջդեպարտամենտալ ամբիոնի վարիչ, Գիտության վաստակավոր գործիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Մելիքյանն ասել է. «Կարծում եմ, որ ՀՊՃՀ-ի և «Սինոփսիս Արմենիայի» միջև համագործակցության արդյունքում իրագործվող կրթական գործընթացը օրինակելի է և կարիք ունի հետագա զարգացման: Այդ զարգացումը վերաբերում է ինչպես առկա բովանդակային և կազմակերպչական ձևերի հետագա զարգացմանը, այնպես էլ ուսուցանվող մասնագիտությունների ցանկի ընդլայնմանը: Ակնկալվող «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» նոր մասնագիտությամբ առաջին կուրսից ուսուցման կազմակերպումը միանշանակ կբարձրացնի շրջանավարտների գիտելիքների մակարդակը ի հաշիվ ընդհանուր կրթական բազայի ավելի նպատակաուղղված իրագործման»:

Տեղեկացնենք, որ 2001 թ. օգոստոսի 1-ին ՀՊՃՀ եւ «Լեդա Սիսթեմս» ընկերության միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում համալսարանում հիմնադրվել է «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնը, որը 2004 թ. նոյեմբերին՝ «Լեդա Սիսթեմս» ընկերության ակտիվներն ու նրա ճարտարագիտական թիմը «Սինոփսիս-Արմենիայի» կողմից ձեռք բերելուց հետո դարձել է «Սինոփսիս» համալսարանական ծրագրերի անդամ: Այդուհետ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը ձեռնամուխ է եղել կրթական առաջին մոդելի կիրառմանը, որով նպատակ է դրվել պատրաստել կիսահաղորդչային ինտեգրալային սխեմաների մշակման և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտներում կիսահաղորդչային և ՏՏ ընկերությունների կողմից ներկայացվող հատուկ պահանջներին բավարարող բարձրորակ մասնագետներ: Այդ ծրագրի իրականացման նպատակով «Սինոփսիսը» ստեղծել է համակարգչային լաբորատորիաների ենթակառուցվածքներ և տրամադրել համագործակցող համալսարաններին էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ծրագրային միջոցների հարյուրավոր փաթեթներ:
Placeholder
ՍԻՆՈՓՍԻՍԸ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՍԿՍԵԼՈՒ