ՋԱՎԱԽՔ. «ԱԶԴ ՊՐՈԴԱՔՇՆԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԼՄՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է
Մշակույթ
16:56 15/12/2008

ՋԱՎԱԽՔ. «ԱԶԴ ՊՐՈԴԱՔՇՆԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԼՄՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է

«Ազդ պրոդաքշն» ընկերությունն արդեն ավարտել է իր «Ջավախք. ինչի մասին է լռում պատմությունը» ֆիլմը, որի հեղինակն է Մովսես Գասպարյանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ազդ պրոդաքշնի» հիմնադիր, պրոդյուսեր, ռեժիսոր Հայկ Հարությունյանը:

«Ջավախք ասելով՝ պատկերացնում ես Հայոց պատմության դասագրքի էջեր, Զաքարյան եղբայրներին, Թմկաբերդի առումը, Փարվանան, Թամար թագուհուն և Էրզրումի գաղթը: Ջավախքը տեսնելով՝ հասկանում ես, որ նրա պատմության էջերը պետք է լինեին ավելին, շատ ավելին: Ավելին, որովհետև և ոչ մի դասագրքում չես գտնի Գիմբիրդեցի մամիկի քառասյուն օդայի մասին, երբ քայլում ես խոտերի միջով և միայն հետո հասկանում, որ դա տանիք է... չես գտնի երկրորդ հայկական դպրոց, որտեղ նույնիսկ Մենդելեևի աղյուսակը թարգմանված է վրացերեն.... ոչ մի ուրիշ տեղ չկա «շնչող» հարյուր ութսունամյա Ավետարան, որը, կարծես, ինքն է պատմում, թե ինչպես փրկվեց գաղթից, ինչպես վերակենդանացավ, նոր ուժ ստացավ... Սա Էրզրումի փոքր, հոգևոր մասնիկն է Ջավախքում ու այն կբացահայտի այս ֆիլմը»,-ասաց Հ. Հարությունյանը:

Նշենք, որ «Ազդ Պրոդաքշնը» հիմնադրվել է 1997 թվականին, նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ: Վերջին երեք տարիների ընթացքում նկարահանում է պատմական Հայաստանը ներկայացնող ֆիլմերի շարք: Արդեն պատրաստել են «Բարի գալուստ Ղարաբաղ», «Արևմտյան Հայաստան», ինչպես նաև «Նոյան տապանի առեղծվածը», Կիլիկիայի մասին ֆիլմերը:
Placeholder
ՋԱՎԱԽՔ. «ԱԶԴ ՊՐՈԴԱՔՇՆԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԼՄՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է