«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋԱԶԸ ԶԱՐԹՆԵԼ Է 60-ԱԿԱՆՆԵՐԻՑ, ԲԱՅՑ ՎՈԿԱԼ ՉԿԱ»
Մշակույթ
15:11 15/12/2008

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋԱԶԸ ԶԱՐԹՆԵԼ Է 60-ԱԿԱՆՆԵՐԻՑ, ԲԱՅՑ ՎՈԿԱԼ ՉԿԱ»

Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում այսօր կկայանա հայկական ջազի ու ջազ սիրահարների համար հերթական ջազբենդային հրավառությունը:

Հայկական ջազի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայանան ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանը, ՀՀ վաստակավոր գործիչ Լևոն Մալխասյանը և միջազգային ջազ-փառատոնների դափներկիր Ալեքսանդր Զաքարյանը: Ջազի վարպետների հետ ելույթ կունենան նաև երիտասարդ կատարողներ Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս), Հայկ Շաքարյանը(դաշնամուր) և Աշոտ Հարությունյանը (հարվածային գործիքներ):

Լևոն Մալխասյանը նախահամերգային հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց, որ Երևանում չկա ջազային վոկալ, թեև` Հայաստանում ջազը «զարթնած» է դեռ 60-ականներից:

«Մոսկվայում նույնն է»,-ավելացրեց ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանը և նշեց, որ դրա հիմնական պատճառը ջազ դպրոցի բացակայությունն է:

«Համերգներին տեսնում եմ, որ գալիս է ջահելությունը, և միշտ Երևանում ջազը եղել է ակտիվ»,-ասաց Լևոն Մալխասյանը:

Ջազի վարպետները նշեցին, որ աշխարհում ջազ երաժտության հանդեպ օրեցօր պակասող հետաքրքրությունը կապված է «կոմերցիայից ու պահանջարկից», իսկ` «ջազը, դասականը, կամերային կոմերցիա չեն և չեն լինի»:

Միջազգային ջազ-փառատոնների դափներկիր Ալեքսանդր Զաքարյանն ասաց, որ հայ հանդիսատեսին կարոտելու առիթ չի ունենում, քանի որ Ռուսաստանում մասնակցում է շատ միջոցառումների, որտեղ մասնակցում են հայեր և գրեթե ամեն տարի այցելում է Հայաստան և հանդես գալիս տարբեր համերգաշարերով:

Լրագրողներից մեկի այ հարցին, ինչու ֆիլմերի լուսագրերում հաճախակի չենք տեսնում Ձեր անունը, անվանի ջազմեն Գարանյանը պատասխանեց, որ այսօր ինքը ցանկանում է զբաղվել կենդանի երաժշտությամբ:

«Վերջին ֆիլմը եղել է երկու տարի առաջ, իսկ կինոն պահանջում է շատ լուրջ աշխատանք և մի քանի գործ դժվար է համատեղել»,-ասաց նա և հավելեց, որ կաևոր չէ, թե ով և ինչ ոճում է ջազ նվագում, կարևորը` մատուցածի որակն է:

Նշենք, որ այսօրվա ջազ-համերգն անց է կացվում «Արմենտել» ընկերության աջակցությամբ: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանը ջազի սիրահաներին հավաստեց, թե իրենք պատրաստ են աջակցել Հայաստանում հայկական ջազի զարգացմանը:
Placeholder
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋԱԶԸ ԶԱՐԹՆԵԼ Է 60-ԱԿԱՆՆԵՐԻՑ, ԲԱՅՑ ՎՈԿԱԼ ՉԿԱ»