ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ՏՀՏ-ն Հայաստանում
11:19 15/12/2008

ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

Այսօր «Ավանգարդ ֆոլկ ակումբում» մեկնարկում է Հայաստանի ռոբոտների համահայկական բաց առաջնությունը, որն անցկացվելու է երկու մրցութային օրում` դեկտեմբերի 15-16-ին: Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Արմռոբոտիքս» առաջնությունն անցկացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո, որի բացումը տեղի կունենա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի մասնակցությամբ: «Արմռոբոտիքսին» մասնակցում է 15 թիմ Երևանից, Արցախից և Իրանից:

Մրցանակային տեղերը երեքն են. ուժեղագույն թիմերը կստանան 300 հազար, 200 հազար և 100 հազար դրամ համապատասխանաբար առաջինից երրորդ տեղերի համար: Նախատեսվում են նաև խրախուսական մրցանակներ «Լավագույն տեխնիկական լուծման» և «Լավագույն ստեղծագործական լուծման» համար:

Առաջնության կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան)և Թեհրանում գործող Հայ համալսարանականների ընդհանուր միությունը:

«ԱրմՌոբոտիքսի» հովանավորներն են նաև «Հուրնետ» ընկերությունը և «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը: Տեղեկատվական հովանավորներն են «Դելովոյ Էքսպրես», «Panoram.am», «Ազգ», «Առկա» լրատվամիջոցները, «Մեդիասթայլ» ընկերությունը, իսկ գլխավոր տեղեկատվական հովանավոր՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն:

«Արմռբոտիքս»-ը համահայկական երիտասարդական մրցույթ է, որտեղ թիմերը կմրցեն իրենց կողմից նախագծված և պատրաստված ռոբոտներով։ Մրցույթը բաղկացած կլինի մի քանի փուլերից։ Մրցույթի մասնակիցների առջև դրված է հետևյալ խնդիրը. նախագծել և պատրաստել այնպիսի ինքնակառավարվող (ավտոմատ) սարք, որը կկարողանա հետևել և շարժվել սպիտակ դաշտի վրա գծված սև գծերի ուղղությամբ։ Դաշտը իրենից ներկայացնում է քառակուսի հարթություն, որի եզրամասերում կան պատնեշներ։ Դաշտում գոյություն ունեն խոչընդոտներ, որոնց հաղթահարումը ռոբոտների կողմից թիմերին կբերի լրացուցիչ միավորներ։ Ռոբոտները պետք է ունենան սահմանափակ չափսեր և քաշ, որը կներկայացվի ժյուրիի անդամների կողմից։ Ռոբոտները կարող են սնվել ինչպես իրենց մեջ տեղադրված մարտկոցների միջոցով, այնպես էլ արտաքին կամ այլընտրանքային աղբյուրներով։
Placeholder
ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ