ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
Կրթություն, գիտություն
13:11 16/12/2008

ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի պետական Ագրարային համալսարանն այսօր նշեց ուսանողական խորհրդի 15-ամյակն ու ամփոփեց այս տարիների ձեռքբերումները:

Այդ առիթով, համալսարանը հյուրընկալել էր ՀՀ կրթության ու գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանին, ԱԺ կրթության, գիտության ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, Սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանին ու ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ, Ագրարային համալսարանի խորհրդի նախագահ, համալսարանի շրջանավարտների միավորման ու համալսարանի առաջին ուսանողական խորհրդի առաջին նախագահ Մանվել Բադալյանին:

Հանդիսավոր նիստի ժամանակ Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը ուսխորհրդի զարգացման գործում ներդրման համար հրավիրյալներին պարգևատրեց համալսարանի ոսկե մեդալով:

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը շնորհավորելով բուհի ուսանողններին` նրանց առաջարկեց բարձրացնել իրենց, բուհի ու նաև հասարակության շահերից բխող հարցեր ու հետամուտ լինել դրանց կատարմանը:

Կրթության ու գիտության նախարարն էլ նշեց, որ ամենակարևորն այն է, որ ուսանողները երիտասարդին հատուկ ավյունը, սկզբունքայնությունը պահպանեն. «Մեր պետությունը, իր բազում խնդիրների լուծման գործում, ունի ձեր կարիքը, ձեր գիտելիքների, սկզբունքայնության ու երիտասարդական ավյունի կարիքը»,-ասաց Ս. Սեյրանյանը:

Իսկ բուհի առաջին ուսխորհուրդի նախագահ Մ. Բադալյանը շնորհավորեց իր «հետևորդներին» ու հպարտությամբ նշեց, որ ուսխորհրդի կայացման գործում իրենք ևս ներդրում ունեն:

Բուհի ներկայի ուսխորհրդի նախագահ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ ուսանողական խորհուրդը 15 տարվա ընթացքում դարձել է «կուռ, ամրապնդված» կառույց և պաշտպանում է ուսանողների շահերն ու ուշադրություն է դարձնում սոցիալական, կենցաղային, մշակութային ու սպորտային բոլոր հիմնախնդիրներին: «Այս ամենի ապացույցը ուսխորհրդի մասնակցությունն է բուհի կառավարման աշխատանքներին: Մեզ համար ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ այսօր ուսանողությունը ուսխորհրդին համարում է իր ինքնակառավարման բարձրագույն մարմինը»,-հավելեց Ռ. Մակարյանը:
Placeholder
ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ