ԳԻՏՊԵՏԿՈՄԸ  ԱՄՓՈՓՈՒՄ Է. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԾԵՐԱՑԵԼ Է
Կրթություն, գիտություն
14:30 17/12/2008

ԳԻՏՊԵՏԿՈՄԸ ԱՄՓՈՓՈՒՄ Է. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԾԵՐԱՑԵԼ Է

Հայաստանում գիտությունը ծերացել է. ոլորտում ընդգրկված աշխատողների միջին տարիքը 52, գիտության դոկտորներինը՝ 62-63 տարեկան է: Այսօրվա ասուլիսում Գիտության պետական կոմիտերի նախագահ Սամվել Հարությունյանն ասաց. «Շատ կարևոր է, որ հանրապետությունում գիտական աստիճան ստացողների թիվը բավականին մեծ է: Ամեն տարի մեզ մոտ պաշտպանում են շուրջ 500 գիտության թեկնածուներ ու դոկտորներ, բայց նրանց չնչին մասն է մտնում գիտության մեջ աշխատելու»: Ըստ նրա, պատճառները տարբեր են, բայց առաջնայինը աշխատավարձերի ցածր լինելն է, այդ իսկ պատճառով էլ գիտության ոլորտը երիտասարդների համար անհրապույր է դարձել:

Անդրադառնալով գիտության պետական կոմիտեի այս տարվա կատարած աշխատանքներին, Ս. Հարությունյանը նշեց, որ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվել, մասնավորապես, «Հայ գիտնականների ներուժի համախմբման» ծրագիրը, որը կներկայացվի կառավարության քննարկմանը: «Մենք արտերկրում ունենք բազմաթիվ հայազգի գիտնականներ, ովքեր գիտության ոլորտում ազդեցության լուրջ ոլորտներ ունեն ու մենք մտադիր ենք ազգությամբ հայ գիտնականներին ու տեղացի հայ գիտնականներին համախմբել, ու նպատակ ենք հետապնդում «օգտագործել» այն հայ գիտնականների ներուժը, ովքեր գտնվում են արտասահմանում»,-ասաց նա: Բացի այդ, կոմիտեն մշակել է գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները և ներկայացրել գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքների չափանիշն ու կարգը հասատելու մասին կառավարության որոշման նախագիծ:

Բյուջետային գործընթացների շրջանակներում մշակվել է, ինչպես նա նշեց, Հայաստանի գիտության ոլորտի 2009-2012 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, պատրաստվել է 2008-ին պետական բյուջեից գիտական, գիտատեխնիկական գործունեության պայմանագրային կամ թեմատիկ ֆինանսավորում իրականացվող թեմաների՝ մրցույթում ֆինանսավորմամբ երաշխավորված և կրթության ու գիտության նախարարության կողմից հաստատված գիտական թեմաների ցանկը, որն ընգրկում է 12 ոլորտ և 117 գիտական կազմակերպություն: «Մենք այս տարվա ընթացքում միջազգային տարբեր կառույցների ու տարբեր երկրների հետ մի շարք համաձայնագրերի նախագծեր ենք նախապատրաստել, որոնց մի մասը ստորագրվել է, իսկ մյուս մասը դեռ նախապատրաստական փուլում է գտնվում»,-եզրափակեց կոմիտեի նախագահը:
Placeholder
ԳԻՏՊԵՏԿՈՄԸ ԱՄՓՈՓՈՒՄ Է. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԾԵՐԱՑԵԼ Է