Նոր օպտիկամանրաթելքային ցանց Հայաստանում
Տնտեսություն
16:39 22/12/2008

Նոր օպտիկամանրաթելքային ցանց Հայաստանում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2008թ. դեկտեմբերի 10-ի թիվ 686Ա որոշմամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա է տրամադրել “ՋիԷնՍի Ալֆա” ՓԲԸ-ին: Լիցենզիան տրվել է 10 տարի ժամկետով և գործում է ՀՀ ողջ տարածքում:

“ՋիԷնՍի Ալֆա” ընկերությունը, որը ստեղծվել է 2007թ, իր գործունեության հիմնական ուղղություններն է համարում հեռահաղորդակցության մայրուղային ցանցերի կառուցումը, շահագործումը և ցանցային ծառայությունների մատուցումը: “ՋիԷնՍի Ալֆա” ընկերության ցանցը, որն հիմնված է լինելու օպտիկա-մանրաթելքային մալուխի վրա, հիմնականում անցնելու է գործող և կառուցվող մայրուղային գազատարերի երկայնքով:

“ՋիԷնՍի Ալֆա”-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի խոսքերով` կիրառվող ամենաժամանակակից տեխնոլոգիաները, նյութերը և սարքավորումները, գազատարի առկայությամբ պայմանավորված մալուխի անցման ուղու պաշտպանվածության բարձր մակարդակը և ընկերությունում աշխատող բարձրակարգ մասնագետները գրավականն են այն բանի, որ “ՋիԷնՍի Ալֆա” ցանցը իր հուսալիությամբ և մատուցվող ծառայությունների որակով ամբողջովին կհամապատասխանի համաշխարհային ստանդարտներին: Արդեն սկսվել և մեծ թափով ընթանում են ցանցի Երևան-Մեղրի հատվածի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել մյուս տարվա մայիս-հունիս ամիսներին: Աշխատանքների երկրորդ փուլում նախատեսվում է կառուցել մալուխի Երևան-Վրաստանի սահման հատվածը, ցանցը ընդլայնել դեպի Հայաստանի քաղաքներ, ինչպես նաև ապահովել ցանցի համակցումը Իրանում և Վրաստանում գործող օպտիկա-մանրաթելքային համակարգերին:

Անցած շաբաթ կայացած Հայաստան-Իրան համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում համապատասխան հուշագիր է ստորագրվել Իրանի TIC ընկերության հետ: Նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա ընկերությանը մայրուղային արագագործ կապուղիներ տրամադրել ՀՀ տարածքում գործող բջջային և ֆիքսված ցանցի օպերատորներին և Ինտերնետ ծառայություններ մատուցողներին, մատուցել մասնավոր վիրտուալ ցանցի ծառայություններ (VPN) Հայաստանի ձեռնարկություններին, ինչպես նաև տարանցիկ ծառայություններ առաջարկել հարևան երկրների հեռահաղորդակցության ընկերություններին, որոնցից մի քանիսն արդեն իսկ հայտնել են իրենց հետաքրքրվածության մասին: Տվյալ ցանցն երկրի համար ունի նաև ռազմավարական նշանակություն, քանի որ դրա գործարկումով կապահովվեն այլընտրանքային կապուղիներ արտաքին աշխարհի հետ:
Placeholder
Նոր օպտիկամանրաթելքային ցանց Հայաստանում