ԿԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ
Կրթություն, գիտություն
13:05 23/12/2008

ԿԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ

Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր լրագրողներին ամփոփ ներկայացրեց այս տարի կրթության և գիտության ոլորտում իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Խոսելով հանրակրթական ոլորտի մասին, նախարարը հայտնեց, որ ՀՀ կառավարության 2008թ. մարտի 13-ի որոշմամբ ընդունվել է «ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագիրը», որն ուղղված է նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության և որակի ապահովմանը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը: Դրա հիման վրա մեկնարկել է փորձնական ծրագիր հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի 22 հաստատությունում: Նրա խոսքով, փորձնական ծրագրի այս փուլում ընդգրկված է 540 երեխա: Եվս 200 երեխայի ընդգրկմամբ նախադպրոցական կրթության եռամսյա ուսուցման մոդելի այս ծրագիրն իրականացվել է նաև Սյունիքի մարզի 8 հաստատությունում:

Ս. Սեյրանյանը նշեց, որ ինչպես նախադպրոցական, այնպես էլ միջնակարգ կրթության ոլորտում մշակվել են մի շարք իրավական ակտեր` ՀՀ օրենքը «Հանրակրթության մասին», նորմատիվ փաստաթղթեր` «Ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման կարգը», «Տնօրենների ատեստավորման կարգը» և այլն:

Անդրադառնալով գործող 10 փորձնական ավագ դպրոցներին, նշեց, որ ավագ դպրոցների համակարգի լիարժեք գործունեության արդյունքում 2-3 տարի հետո էական բարեփոխում կլինեն ամբողջ կրթական համակարգում և ինչպես նաև բուհական համակարգում:

ԿԳ նախարարի խոսքով, այս տարի նաև աշխատանքներ են իրականացվել Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման, դպրոցները համակարգչային սարքավորումներով համալրելու ուղղությամբ: Ներկայում ցանցում ընդգրկված 324 դպրոցին մինչև փետրվար կմիանա ևս 320-ը:

Այս տարի շահագործվել է նաև «Կրթական համալիր էջ» ինտերնետային պորտալը /www.armedu.am/: Ստեղծվել է կրթական տեղեկատվական միջավայր, կազմակերպվել են առցանց կրթական միջոցառումներ: Կատարվել են շարժական ինտերնետային համակարգչային կայանի ստեղծման և փորձնական շահագործման աշխատանքները:

Անդրադառնալով ռազմահայրենասիրական դաստիարակությանը, Ս. Սեյրանյանը նշեց, որ այս տարի 600 դպրոցի ռազմագիտության դասարան համալրվել է ուսումնական զենքով և դիդակտիկ նյութերով, իսկ 278 դպրոցի տրամադրվել է հեռուստացույց և տեսասարք:
Placeholder
ԿԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ