ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ
Կրթություն, գիտություն
13:42 23/12/2008

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ

ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր ամփոփելով անցնող տարին նշեց, որ տարիներ շարունակ մեծ ուշադրություն է դարձվել հանրակրթությանը և բուհական համակարգին, իսկ ուսումնարաններն և քոլեջները դուրս են մնացել պետական քաղաքականության ուշադրությունից: Ուստի այդ ոլորտում դեռևս լուրջ անելիքներ կան:

Ս. Սեյրանյանը հայտնեց, որ այդ ոլորտը զարգացնելու նպատակով այս տարի ընդունվել է «ՀՀ նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգը», մասնագիտական կրթության բարեփոխումների 2008-2011թ. միջոցառումների ծրագրով և ժամանակացույցով:

ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում ստեղծվել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում զարգացման ազգային կենտրոնը» (ՄԿՈՒԶԱԿ), որի նպատական է աջակցել ոլորտում սկիզբ դրված լայնածավալ բարեփոխումներին:

ԿԳ նախարարն այս ոլորտում կարևորեց այն, որ այս տարի մրցութային կարգով ընտրվել են 12 մասնագիտական կրթական ուսումնական հաստատություններ, որտեղ իրականացվել են շուրջ 810 մլն դրամի հիմնանորոգման աշխատանքներ, իսկ առաջիկայում նախատեսվում է 2 մլրդ դրամի արժողությամբ նյութատեխնիկական բազայի տրամադրում:

Այս տարի, նրա խոսքով, կազմակերպվել են նաև վերապատրաստման դասընթացներ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների և դասախոսական անձնակազմի համար:

Նախարարն այսօր առկա լուրջ խնդիր է համարում հանրապետությունում որակյալ աշխատանքային կադրերի պակասը:

Ս. Սեյրանյանը տեղեկացրեց, որ այս տարի տպագրվել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին վերաբերող մի շարք տեղեկատվական նյութեր, լույս է տեսել նաև «Մասնագիտական կրթություն» ամսագիրը:
Placeholder
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ