ԱՅՍ ՏԱՐԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՀԱԳԵՑԱԾ Է ԵՂԵԼ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐՈՎ
Մշակույթ
16:27 26/12/2008

ԱՅՍ ՏԱՐԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՀԱԳԵՑԱԾ Է ԵՂԵԼ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐՈՎ

Երևանի Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը ամփոփելով անցնող տարին, ասաց, որ օպերային թատրոնում այս տարի կայացել է մի քանի պրեմիերա. «Վարդանանք», «Տանգո» բալետները, թատերականացված «Սպիտակ» սիմֆոնիան և «Երկրաշարժ» օպերան:

Նրա տեղեկացմամբ, այս պրեմիերաների հետ համատեղ ներկայացվել է շուրջ 67 ներկայացում` օպերաներ, բալետներ, հոբելյանական համերգներ և միջոցառումներ:

Կամո Հովհաննիսյանի խոսքով, այս տարի նաև ունեցել են հյուրախաղեր արտասահմանից, օրինակ Կանադայից Ալին Գութանը և Կարո Նշանյան երգիչները ժամանել են Հայաստան և հանդես եկել «Անուշ»-ում: Այս տարի Խարկովից Հայաստան է այցելել նաև բալետի մենապարող Վիգեն Հակոբյանը, ով հանդես է եկել «Դոն-Կիխոտ» և «Ժիզել» բալետներում:

Այս տարի հյուրախաղերով հանդես են եկել նաև արտասահմանում: Փետվարի 22-27-ը «Գայանե» բալետի ներկայացմամբ հյուրախաղերով բալետային խումբը հանդես է եկել Աբու Դաբիի Էմիրությունների պալատում` Մշակույթի հիմնադրամի սրահում: Իսկ փետրվարի 28-ից մարտի 4-ը Երևանի Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բալետային խումբը Բահրեինի թագավարության տեղեկատվության, մշակույթի և ազգային արժեքների պահպանության նախարարի հրավերով `«Գայանե» ներկայացումով մասնակցել է բահրեինյան «Մշակութային գարուն» փառատոնին:
Թատրոնի նվագախումբը համերգներով հանդես է եկել Մաթարում և Ստամբուլում:

Թատրոնի մենակատարները հանդես են եկել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Շոտլանդիայում: Իսկ Դավիթ Բաբայանցը և Հովհաննես Այվազյանը մասնակցել են Բուլղարիայում կայացած Ռաինա Կաբաիվանսկու վարպետության դասերին և գալա համերգին Սոֆիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ:

Կամո Հովհաննիսյանի խոսքով, այս տարի թատրոնի մենակատարները նաև մասնակցել են մի շարք միջազգային մրցույթների:
Placeholder
ԱՅՍ ՏԱՐԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՀԱԳԵՑԱԾ Է ԵՂԵԼ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐՈՎ