ԿՏԵՂԱԴՐՎԻ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՐՁԱՆԸ
Մշակույթ
13:55 14/01/2009

ԿՏԵՂԱԴՐՎԻ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՐՁԱՆԸ

2011 թվականի հոկտեմբերի 10-ին լրանում է 20-րդ դարի մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը, այդ կապակցությամբ մինչ այդ Երևանում և Գյումրիում նախատեսված է տեղադրել Նանսենի արձանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:

Արձանների տեղադրման համար ֆինանսական աջակցությունը ցուցաբերելու է «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը: Ֆելիքս Բախչինյանի խոսքով, քանդակագործ Տարիել Հակոբյանի հեղինակած արձանը տեղադրվելու է Գյումրիում: «Քանի որ Տարիելը Գյումրեցի է, բացի այդ Նանսենը 1925 թվականին այցելել է Գյումրի»,- հավելեց նա: Իսկ մյուս արձանը, որի հեղինակը Լևոն Թոքմաջյանն է` տեղադրվելու է Երևանում:

Հիմնադրամի նախագահը նշեց, որ Նանսենի 150-ամյակի կապակցությամբ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Սակայն մինչ այդ, այս տարի հոկտեմբերին Նանսենի ծննդյան օրվան նվիրված` հիմնադրամը կազմակերպելու է միջազգային գիտաժողով, որին հրավիրվել են մասնակցելու ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Նորվեգիայից, Հունաստանից:

Հիմնադրամի նախագահը հայտնեց, որ մտադրություն կա մինչև 2011 թվականը ստեղծել նաև Նանսենի թանգարան:

Ըստ Ֆելիքս Բախչինյանի, մինչև հիմա հիմնադրամը հրատարակել է Նանսենի 20 գիրք, իսկ այս տարվանից մինչև 2011 թվականը նախատեսել են «Գասպրինտ» հրատարակչության հետ համատեղ լույս ընծայել 30 հատորով Նանսենի բոլոր աշխատությունները:
Placeholder
ԿՏԵՂԱԴՐՎԻ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՐՁԱՆԸ