ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԴԵՊՔԵՐԻ ԹՎԻ ԱՃ Է ՆԿԱՏՎՈՒՄ
Առողջություն
11:28 19/01/2009

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԴԵՊՔԵՐԻ ԹՎԻ ԱՃ Է ՆԿԱՏՎՈՒՄ

Հանրապետությունում 2008 թվականին գրանցվել է ՄԻԱՎ վարակի 136 և ՁԻԱՀ-ի` 83 դեպք: Ինչպես տեղեկացանք ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, 1988-2008 թթ-ին հանրապետության քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 674 դեպք, իսկ 293-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ:

Կենտրոնի տվյալների համաձայն, ՄԻԱՎ վարակով հիվանդների մեծամասնությունը՝ 74,9% (505 մարդ) արական սեռի ներկայացուցիչներ են, իգական սեռի ներկայացուցիչները կազմում են 25,1% (169 մարդ): Իսկ ՄԻԱՎ վարակի 1,9%-ը (13 դեպք) արձանագրվել է երեխաների մոտ: Վարակվածների շուրջ 60 տոկոսը 25-39 տարիքային խմբում են: Իսկ ՄԻԱՎ վարակով հիվանդներից 293-ի (61 կնոջ, 6 երեխայի) մոտ ՁԻԱՀ է ախտորոշվել:

Նշենք, որ առողջապահության նախարարության տվյալներով, վերջին տարիներին հանրապետությունում նկատվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքերի թվի աճ:
Մասնագետները դա պայմանավորում են լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ, ու նրանով որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունները հասանելի են դարձել: Բացի այդ, վերջին տարիներին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների թվի կտրուկ աճել է արձանագրվել հղիների շրջանում ու բարելավվել է նրանց շրջանում ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը. եթե 2000-2004-ին. հղի կանանց շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 3 դեպք, ապա 2005-2008-ին ` 23, ինչը հնարավորություն է տվել իրականացնել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում և նվազեցնել նորածնի վարակվելու հավանականությունը:

ՄԻԱՎ վարակի գրանցված բոլոր դեպքերի 46%-ը` Երևանում, իսկ 9,9 %-ը ՝ Շիրակի մարզում:

Հիշեցնենք, որ աշխարհում ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը հայտնաբերվել է 1981-ին: Իսկ 2007 թ-ի տվյալների համաձայն, աշխարհում ապրում էր մոտ 33 մլն ՄԻԱՎ վարակակիր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` նախորդ տարի աշխարհում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2.5 մլն նոր դեպք:
Placeholder
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԴԵՊՔԵՐԻ ԹՎԻ ԱՃ Է ՆԿԱՏՎՈՒՄ