ԸՆՏԱՆԻՔԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ
Առողջություն
17:35 21/01/2009

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ

Մայրաքաղաքի Նոր Նորք համայնքում այսօր բացվեց «ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ» ընտանիքի առողջության կենտրոնը: Բացման արարողությանը ներկա էր նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախարարը, նորագույն սարքավորումներով հագեցված այս կենտրոնում բժշկական ծառայություն կստանան նաև պետպատվերի շրջանակներում: Նախարար Քուշկյանը կարևորեց վերարտադրողական առողջության ու մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների զարգացումը:

Կլինիկայի հիմնադիրներից՝ «Կշռադատված հայրություն և մայրություն» միջազգային ֆեդերացիայի եվրոպական ցանցի անդամ Ալեքսանդր Խաչիկյանը Panorama.am-ին ասաց, որ կլինիկայում հիվանդները կարող են ստանալ մանկաբարձ-գինեկոլոգի, մանկաբուժի, մաշկավեներաբանի, էնդոկրինոլոգի, սրտաբանի, թերապևտի, ընտանեկան բժշկի, բնաբուժի, ատամնաբուժի, հոգեթերապևտի, հոգեբանի, բուժմերսողի և այլ մասնագետների ծառայություններ: «Նորաստեղծ այս կենտրոնի նպատակն է որակյալ բուժծառայությունների մատչելիության բարելավման ու տեղեկատվության տրամադրման միջոցով նպաստել կանանց, տղամարդկանց և դեռահասների առողջության պահպանմանը»,-ասաց նա:

Նշենք, որ Ա. Խաչիկյանի խոսքով, կլինիկաների հիվանդներին կտրամադրվեն բուժծառայություններ բեղմնականխման և անցանկալի հղիության ընդհատման, սեռավարակների, ՄԻԱՎ-ի վերաբերյալ, ինչպես նաև կիրականացվի հսկողություն և խնամք հղիության ու հետծննդյան շրջանում:
Placeholder
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ