ԵԽԽՎ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ Է, ՈՒՐԵՄՆ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՆ ԵՆ ԱԶԴԵԼ
Քաղաքական
17:03 28/01/2009

ԵԽԽՎ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ Է, ՈՒՐԵՄՆ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՆ ԵՆ ԱԶԴԵԼ

Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, ԵԽԽՎ-ում թիվ 1643 բանաձևի նախագծի քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակության անդամները նախագծում փոփոխությունների առաջարկներ չեն ներկայացրել: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ նախագծում առկա բոլոր ձևակերպումների հետ Հայաստանի պատվիրակները համաձայն են եղել:

-Թեև ոչ բոլոր ձևակերպումների հետ կարելի է անվերապահորեն համաձայնել, այնուամենայնիվ նպատակահարմար չենք համարել:

-Նոր բանձևում, ըստ էության, նորություն էր միայն Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության մասին դրույթը: Այս պահանջը որքանո՞վ է բխում Վեհաժողովի նախորդիվ ներկայացրած պահանջներից, և արդյո՞ք ենթադրյալ փոփոխությունները կհանգեցնեն պահանջներից որևէ մեկի կատարմանը:

-Պահանջը շաղկապված է Վեհաժողովի նախորդիվ ներկայացրած պահանջների հետ: Սակայն այն ավելի շատ բխում է մեր շահերից:

-Պարոն Հարությունյան, Համազեկուցողների հայտարարություններից ու ԵԽԽՎ քննարկումներում տեղ գտած հայտարարություններից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ԵԽԽՎ պահանջների շարքում գերիշխողը անազատության մեջ գտնվող անձանց խնդրի լուծումն է: Արդյո՞ք Քրեական օրենսգրքի 225-րդ և 300-րդ հոդվածների փոփոխությունը նշանակում է, որ այդպիսով ցանկություն կա հիշյալ խնդրին լուծում տալ: Եթե` այո, ապա ի՞նչպես են պատկերացնում ԵԽԽՎ-ում այն անձանց խնդիրները, ում նկատմամբ մեղադրանքը հիմնված չէ հիշյալ երկու հոդվածների վրա, սակայն նրանք ևս պնդում են քաղաքական շարժառիթներով ձերբակալված լինելու մասին:

-225-րդ և 300-րդ հոդվածների փոփոխությունն ուղղակիորեն նպատակաուղղված չէ անազատության մեջ գտնվող անձանց խնդրի լուծմանը: Նպատակը` այդ հոդվածների համապատասխանեցումն է իրավական որոշակիության սկզբունքին և եվրոպական չափանիշներին: Հիշեցնեմ, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցը, որտեղ նա, ի թիվս այլոց, նշել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածների ձևակերպումները հոդվածների դրույթների լայն մեկնաբանման տեղիք են տալիս: Մասնավորապես, իշխանությունը բռնազավթելու սահմանումը «լայն մեկնաբանություն կարող է ունենալ և հստակ ուղենիշներ չի պարունակում` ինչպես տարբերակել կարծիքի օրինական արտահայտումը բռնությունների կոչ անելուց»: Միաժամանակ, հարկ է նկատել, որ այդ հոդվածների փոփոխության դեպքում, մեղադրանքը պետք է համապատասխանեցվի նոր ձևակերպումներին:

- Նախորդ դեպքերում ԵԽԽՎ-ն իրավիճակի փոփոխությունը գնահատելու համար որոշում էր կայացնում Հայաստան գործուղել ոչ միայն Համազեկուցողներին, այլև` Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին: Այս դեպքում, կարծես թե, հանձնակատարի մասով որևէ ակնարկ չարվեց: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Հայաստանում, մասնավորապես, «Մարտի 1-ի» գործերի վերաբերյալ մարդու իրավունքների հետ կապված այլևս խնդիրներ չկան, կամ` չկա այդ խնդիրները վերաարձանագրելու խնդիր:

-Ոչ, չի նշանակում:

-Ինչո՞վ եք բացատրում թուրքական պատվիրակության առանձին ներակյացուցիչների, այսպես կոչված, հայանպաստ ելույթները ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկման ժամանակ:

-Հարցադրումը թերի է: Չի կարելի ԵԽԽՎ պատվիրակների ելույթները գնահատել որպես այս կամ այն երկրի պատվիրակի ելույթ: Պատվիրակները ներկայացնում են ոչ միայն տարբեր երկրներ, այլև` այդ երկրների խորհրդարանական քաղաքական ուժերի ողջ դաշտը: Ավելին, չեմ հասկանում «հայանպաստ» կամ «ոչ հայանպաստ» ասելով ինչ է ի նկատի առնվում, հատկապես` այս դեպքում: Երրորդ` եթե ի նկատի ունեք տիկին Մեմեչանի ելույթը, ապա նա ներկայացնում էր Լիբերալների և դեմոկրատների դաշինքի կարծիքը:

-Ձեր կարծիքով` ի՞նչ գործոններ են ազդել ԵԽԽՎ քվեարկության վրա:

-ԵԽԽՎ-ն քաղաքական մարմին է: Մեզանում երբեմն դա ասում են բացասական երանգ տալով «քաղաքական» բառին: Կրկնեմ` ԵԽԽՎ-ն քաղաքական մարմին է: Լավ իմաստով: Ուրեմն` ազդել են քաղաքական գործոնները:
Placeholder
ԵԽԽՎ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ Է, ՈՒՐԵՄՆ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՆ ԵՆ ԱԶԴԵԼ