Լ. ՄՈՇԻՐԻ. «ԴԺՎԱՐ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ԼԻՆԻ...»
Առողջություն
15:26 02/02/2009

Լ. ՄՈՇԻՐԻ. «ԴԺՎԱՐ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ԼԻՆԻ...»

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին այն կարծիքին է, որ մայրական ու նորածնային մահացության ներկայիս ցուցանիշներն ու դրանց աճի միտումները հաշվի առնելով, մինչև 2015 թվականը «դժվար թե» Հայաստանն ի վիճակի լինի 2/3–ով կրճատել մանկական ու ¾-ով մայրական մահացության ցուցանիշներն ու հասնել Հազարամյակի Զարգացման 4-րդ ու 5-րդ նպատակներին:

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, Հայաստանում մայրական մահացության իրավիճակը նույնպես մտահոգիչ է: Ըստ Լ. Մոշիրիի, երկրում կանանց մոտ հղիությունից կամ ծննդաբերության բարդություններից մահանալու հավանականությունը 9 անգամ ավելի մեծ է, քան զարգացած երկրներում: Այսպիսով, Հայաստանում ապրող կանանց մայրական մահացության ռիսկը կյանքի ընթացքում հավասար է 1-ը 980-ի, մինչդեռ զարգացած երկրներում՝ 1-ը 8000-ի: Իսկ եթե այդ ցուցանիշը համեմատենք Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի ցուցանիշի հետ, ապա կստացվի 1-ը 1.300-ի:

Ըստ Լ. Մոշիրիի, Հայաստանում այս իրավիճակին նպաստող գործոններից են ոչ բավարար նախածննդյան և նորածնային խնամքը, որակյալ անձնակազմի և անհրաժեշտ սարքավորումների պակասը: «Հղիության ու ծննդաբերության բարդությունները, որոնք մայրական մահացության հիմնական պատճառն են հանդիսանում, առաջ են գալիս որակյալ ծռայությունների պակասի, կանանց համար այդ ծառայությունների անմատչելիության ու այլ առկա խնդիրների պատճառով»,-նշեց նա:

Մայրական մահացության ցուցանիշը նվազեցնելու համար, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի համոզմամբ, անհրաժեշտ է «գործի դնել» առողջապահական համակարգի համապատասխան ծառայություները, որոնք ներառում են ընտանիքի, համայնքի, արտագնա և բժշկական հաստատությունների կողմից տրամադրվող խնամքի ծառայություններ:
Placeholder
Լ. ՄՈՇԻՐԻ. «ԴԺՎԱՐ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ԼԻՆԻ...»